Toyota ընկերությունը նոր ռեկորդ կարող է սահմանել: Փոխհատուցման սպասող գնորդների թիվը գրեթե 23 միլիոն է կազմում: Դրանք այն գնորդներն են, ովքեր կարող են տուժած լինել ճապոնական ընկերության որոշ մեքենաների գազի ոտնակի խափանման պատճառով:
Դատական գործընթացին մասնակցելու և փոխհատուցում ստանալու իրավունք ունենալու մասին դատական մարմինների կողմից ԱՄՆ-ում 22.6 միլիոն մարդ է տեղեկացվել: Ենթադրվում է, որ Toyota-ին դատական այս գործընթացը շատ թանկ կարժենա՝ ավելի քան մեկուկես միլիարդ դոլար: Այս միջոցները կծախսվեն ոչ միայն փոխհատուցումներ վճարելու, այլև այն մեքենաների վերափոխման վրա, որոնք կարող են ակամա արագացում զարգացնել, սակայն դա առայժմ չեն արել:
Toyota-ն փոխհատուցում է նաև այն գնորդներին, ովքեր այդ թերության պատճառով ստիպված են եղել վաճառել իրենց մեքենաները:
The Detroit News-ի տվյալներով՝ ճապոնական ընկերությունը մտադիր է ակցիա ֆինանսավորել, որն ուղղված է ավտոմեքենան անվտանգ վարելուն: Դա ավտոարտադրողին 14 միլիոն դոլար կարժենա:
15 միլիոն դոլար էլ ճապոնացիները կծախսեն անվտանգության նոր ակտիվ միջոցների մշակման համար: Toyota-ի պահուստային գումարները նույնպես կուղղվեն ավտոմեքենաների անվտանգության մակարդակի բարձրացմանը:











































