Ինչպես հայտնի է, 2015թ. հունվարի մեկից սկսվել է անալոգայինից թվային հեռուստատեսության անցնելու դժվար գործընթացը: Նոր համակարգից օգտվելու համար անհրաժեշտ են հատուկ ապակոդավորող սարքեր, իսկ դրանք պետությունը տրամադրում է աղքատ բնակիչներից ամենաաղքատներին: Պաշտոնական տվյալներով՝ մոտ 130.000 անապահով ընտանիքից միայն 48.733-ը կարող են պետության կողմից անվճար ապակոդավորող սարքավորում ստանալ:
Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը մատնանշում է պետական կառույցների թերացումները: Նախ հարկավոր էր դեռ 2009 թվականից գումար խնայել մոտ 130.000 անապահով ընտանիքի ապակոդավորող սարքավորումով ապահովելու համար, իսկ սարքավորում ներկրելու մրցույթը պետք է անցկացվեր առանց կողմնապահության և անպայման թափանցիկ պայմաններում:
Բնակչության անապահով հատվածին ապակոդավորող սարքավորումներով չապահովելու խնդիրը վնասում է նաև հեռուստաընկերություններին, նրանք լսարան են կորցնում:
Կառավարության վարած քաղաքականության պարագայում Բորիս Նավասարդյանը խնդրի լուծումը տեսնում է դատարաններում: Բայց ավելի շատ հավատում է, որ քաղաքացիական ընդվզումը ավելի շուտ վերջակետ կդնի խնդրին:




































