Նախօրեին ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն Արմավիրում հանդիպել է կարկուտից տուժած մոտ երեք տասնյակ արմավիրցիների հետ: Նա խոստացել է սառեցնել իր կողմից 2013-ի գարնանը գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին տրամադրած 200 միլիոն դրամ արժողությամբ պարարտանյութերի և դեղորայքի վերադարձվելիք գումարը։
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ 200 միլիոն դրամի օգնությունը ոչ թե գումարի, այլ դեղորայքի և պարարտանյութի տեսքով է եղել, այսինքն՝ ինքնարժեքով դեղորայք և պարարտանյութ է տրամադրվել խաղողի այգիները մշակելու, սնուցելու համար:
«Այդ երեք տասնյակ գյուղերի բնակիչներն աշնանը պետք է վերադարձնեին գումարը, քանի որ Գագիկ Ծառուկյանն ինքնարժեքով նրանց տրամադրել էր պարարտանյութ և դեղորայք։ Երեկ, սակայն, պարոն Ծառուկյանը հայտարարեց, որ այդ գումարը գյուղացիները ստիպված չեն լինելու վճարել, և դրանից բացի, նաև հայտարարեց, որ հինգ համայնքներում, որտեղ բնակիչներն առավելագույնս տուժել են, հակակարկտային կայաններ են տեղադրվելու՝ ևս իր գումարներով»,- ասաց Իվետա Տոնոյանը:
Հարցին՝ ո՞ր համայնքներին կտրամադրեն հակակարկտային կայանները, մամուլի խոսնակը պատասխանեց, որ տեղում բնակիչներն իրենք պետք է ասեն համայնքները։ ԲՀԿ-ական պատգամավոր Արայիկ Աղաբեկյանին հանձնարավել է հստակեցնել, թե որոնք են հինգ համայնքները: Ի. Տոնոյանը նշեց, որ Գագիկ Ծառուկյանի բարեգործական գործունեությունը երբևէ որևէ նախընտրական գործընթացով պայմանավորված չի եղել:
«Մարդիկ, ովքեր աշնանը մեկը՝ հինգ միլիոն, մյուսը՝ երեք, մեկը՝ երկու, մեկը՝ մի քանի հարյուր հազար դրամ ստիպված էին լինելու վճարել, և քանի որ իրենք կորցրել են իրենց ամբողջ բերքը, ստիպված չեն լինի վճարել այդ գումարը, պարոն Ծառուկյանը զրոյացրեց»,- հավելեց Իվետա Տոնոյանը:
Որքան էլ տաօրինակ է, Արմավիրի մարզի Արշալույսի գյուղապետարանի ավագ աշխատակիցը զարմացավ, որ Գագիկ Ծառուկյանն այցելել է մարզ, օգնություն առաջարկել: Նրա խոսքերով՝ գյուղապետարանը տեղյակ չէ, որ Գ. Ծառուկյանը մարզում է եղել: Բացի այդ, նա նշեց, որ այս տարիներին իրենց գյուղին որևէ օգնություն չի եղել «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի կողմից:
Մրգաշատի գյուղապետ Գևորգ Դանիելյանը նշեց, որ թեև Գագիկ Ծառուկյանը գյուղ չի այցելել, բայց գյուղից նրա մոտ գնացողներ եղել են: «Իմ իմանալով՝ պարարտանյութերի գումարները ով վերցրել էր, ասել են՝ սառեցնում ենք, ընդհանարապես չենք վերցնելու»,- ասաց նա: Վերջինս նշեց, որ Մրգաշատում կարկտահար են ուզում տեղադրել, սրանով մեծ գործ արած կլինեն, իրենք էլ բարեգործին իրենց շնորհակալությունը կհայտնեն:
«Պետությունն էլ խոստացել է, որ երեք հատ էլ իրենք են դնելու: Հարյուր տոկոս է գյուղը տուժել կարկուտից, իսկ ով ասում է 80 տոկոս է, թող գա, բռնեմ ձեռքից տանեմ բաղերը՝ ցույց տամ»,- ասաց Գ. Դանիելյանը:
Նա նաև ասաց, որ կարկուտից տուժած ընտանիքների վնասի չափը որոշելու համար ստեղծված հանձնաժողովն այսօր վերջացրել է իր աշխատանքները և ներկայացրել մարզպետարան, իսկ ընդհանուր առմամբ՝ ինչքան է կազմել գյուղի դրամական վնասի չափը, գյուղապետն այս պահին չի կարող ասել:
Գյուղապետի խոսքերով, գյուղը 1967 տնտեսություն և 4414 բնակիչ ունի: Բանկիչներն, ի տարբերություն մյուս գյուղերի, այստեղից չեն ատագաղթել, դեռ շարունակում են պայքարել, լավատես են։ «Թողնենք մեր գյուղը, ո՞ւր գնանք…»,- ասաց գյուղապետը:
Ներքին Բազմաբերդի գյուղապետ Աշոտ Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ որևէ պարարտանյութ իրենց գյուղին Գագիկ Ծառուկյանը չի հատկացրել: Պարարտանյութ տվել է մարզպետարանը, տվել է սերմացու՝ մինչև կարկտահարությունները. «Գյուղում ԲՀԿ-ականներ շատ չկան, իսկ բարեգործ Ծառուկյանն էլ տասը տարվա մեջ ոչ մի բան մեր գյուղի համար չի արել: Կարկտահան կայան չկա, դրա անհրաժեշտությունը կա»:
Գյուղին պետական ծրագրով են սերմացու հատկացրել և պարարտանյութ, սակայն, գյուղապետի խոսքերով, շատ ընտանիքներ հնարավորություն ունեցել են վերցնել, շատերն էլ այդպես էլ չեն կարողացել վերցնել, մոլորված են մնացել՝ չիմանալով ինչ անել, իսկ ԲՀԿ-ն էլ իրենց ոչ մի բանով չի օգնել:
Նա զարմանքով նշեց, որ 50 տոկոսով ընդդիմությունը ձայն ստացավ ընտրություններին: Գյուղապետն այս հանգամանքը բացատրում է գյուղի ծանր սոցիալական պայմաններով: Ինքն անձամբ սպասում էր, որ ընտրություններին ՀՀԿ-ն ամբողջական հաղթանակ կտանի:
Նա ցավով նշեց, որ արատագաղթի ալիքը գյուղում բարձրացել է, արտագաղթն այս տարի գերազանցել է նախորդ տարիների ցուցանիշները։ «Երբեք այդքան արտագնա չեն գնում, հիմնականում Երևանի հետ են կապած, եթե երեք հարյուր տոկոս լիներ, ուրեմն ասեմ, որ երեք հարյուր տոկոսով մեծացել է արտագաղթը գյուղում: Ընդհանուր վիճակը այն է, որ մարդիկ աշխատանք չունեն, ժողովրդի վիճակը վատ է»,- հավելեց գյուղապետը:









































