Ամերիկյան Virgin Galactic ընկերությունն ուրբաթ օրը առաջին անգամ ներկայացրել է զբոսաշրջիկների համար նախատեսված SpaceShipTwo ենթաուղեծրային տիեզերանավի նոր մոդելը, որը ստեղծվել է մոտ մեկուկես տարի առաջ պայթած նմուշի փոխարեն: Նորույթը Լոս Անջելեսից ոչ հեռու գտնվող փորձարկման կենտրոնի օդանավարաններից մեկում մասնագետներին, լրագրողներին ու Virgin Galactic-ի պոտենցիալ հաճախորդներին ներկայացրել է ընկերության տերը՝ միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնը: Այս մասին հայտնում է TASS-ը:
Արտաքին տեսքով նավը գործնականում չի տարբերվում նախորդ մոդելից, որը 2014թ. հոկտեմբերին փորձնական թռիչքի ժամանակ ընկել է Կալիֆոռնիայի հարավում՝ Մոհավե անապատում: Հետաքննիչների տեղեկությամբ՝ աղետի պատճառներից մեկը եղել է օդաչուի սխալը: Աղետի հետևանքով օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը տուժել:
Virgin Galactic-ի ներկայացուցիչները վստահեցրել են, որ աղետից հետո անհրաժեշտ եզրակացություններ են արել և նոր SpaceShipTwo-ն, որն անվանվել է VSS Unity, զգալիորեն անվտանգ է դարձել:
SpaceShipTwo-ն մշակվում է բացառապես զբոսաշրջային նպատակներով: Ենթադրվում է, որ 2-ժամանոց թռիչքի արժեքը, որի ընթացքում զբոսաշրջիկները կկարողանան անկշռություն զգալ և Երկիրը տեսնել 100 կմ բարձրությունից, կկազմի մոտ 250.000 դոլար:











































