Կոսովոյի ընդդիմադիր պատգամավորները նորից արցունքաբեր գազ են կիրառել՝ խանգարելու համար խորհրդարանի աշխատանքին՝ ի նշան բողոքի Սերբիայի և Չեռնոգորիայի հետ կառավարության համաձայնագրի դեմ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Այդ դեպքից հետո խորհրդարանական նիստը 50 րոպեով դադարեցվել է:
Սեպտեմբերից սկսած՝ ընդդիմադիր կոալիցիան մի քանի ակցիա է կազմակերպել տեղական խորհրդարանում արցունքաբեր գազի, պղպեղի աերոզոլի, սուլիչների և ջրով լի շշերի կիրառմամբ: Պատգամավորներն այդպիսով բողոքում են Կոսովոյի և Սերբիայի միջև համաձայնագրի դեմ, որը կնքվել է 2015թ.: Նրանց կարծիքով՝ այդ համաձայնագիրը ընդլայնում է Կոսովոյում էթնիկ սերբերի իրավունքները: Նրանք նաև բողոքում են Չեռնոգորիայի հետ պետական սահմանների սահմանման մասին պայմանագրի դեմ:
2015թ. դեկտեմբերին Կոսովոյի Սահմանադրական դատարանը որոշում է ընդունել, համաձայն որի՝ Սերբիայի հետ համաձայնագրի որոշ կետեր խախտում են տեղի Սահմանադրությունը:









































