Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը նոր մեդալ է սահմանել վետերանների համար, որոնք Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հսկել են բեռնատար նավերը: «Արկտիկական աստղ» մեդալը հանրությանը ներկայացվել է նախորդ շաբաթ: 89-ամյա վետերան Հերբերտ Ջեյկոբսն առաջիններից մեկն է փոստով ստացել այն, որից մեկուկես ժամ հետո մահացել է, հաղորդում է The Times-ը:
Արկտիկական շարասյան վետերաններն օգնել են հսկել բեռնատար նավերը, որոնցում եղել են տարբեր բեռներ ԽՍՀՄ-ի համար: Ջեյկոբսը կամավոր է գրվել 15 տարեկան հասակում և ծառայել է «Շեֆֆիլդ» նավի վրա: Եղել է գերմանական նավատորմի խոշորագույն նավերից մեկի՝ «Բիսմարկ»-ի դեմ մարտի վկաներից:
Սակայն ոչ բոլորն են դրական վերաբերվում նոր պարգևին: Շատ վետերաններ դրան շատ երկար են սպասել, իսկ նրանց մեծ մասն արդեն ողջ չէ: Օրինակ 87-ամյա Ջեք Հարիսոնը մեդալի 70-ամյա սպասումն անվանել է «խայտառակություն» և հայտարարել, որ չի ցանկանում վերցնել պարգևը:
Պարբերականի տվյալներով՝ արդեն հանձնվել է շուրջ 1000 պարգև:











































