1978թ. այս օրը Հռոմում մահացավ գերմանացի գրող, հրապարակախոս Արմին Թեոֆիլ Վեգները. (Armin Theophil Wegner):
Ծնվել է 1886թ. հոկտեմբերի 16-ին Էլդերֆելդ-Վուպերտալում: Սովորել է Բրեսլաուի, Ցյուրիխի և Բեռլինի համալսարաններում (1908-1913), ստացել իրավագիտության դոկտորի աստիճան (1914):
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին: 1915-1916-թվականներին գերմանական սանիտարական ծառայության կազմում եղել է Թուրքիայում, տեսել Դեր-Զոր քշված բազմահազար հայերի ողբերգությունը, նրանց խոշտանգումները, լուսանկարել սպանդի բազմաթիվ տեսարաններ:
Վեգները գրի է առել իր տեսածն ու ապրածը և լուսանկարների հետ մեկտեղ ուղարկել Գերմանիա՝ առանձին մարդկանց ու մամուլին, սակայն դրանք չեն հրապարակվել: Հետագայում այդ նամակները և նույն շրջանում գրած այլ նյութեր ամփոփվել են նրա «Անվերադարձ ճանապարհ» (1919) գրքում:
1921-ին Վեգները որպես վկա ներկա է եղել Սողոմոն Թեհլերյանի դատավարությանը Բեռլինում, հավաքել է սղագրական նյութերը, գրել առաջաբան («Արդար վճիռ») և հրատարակել առանձին գրքով («Թալեաթ Փաշայի դատավարությունը…», 1921):









































