ՀՅԴ-ական Արմեն Ռուստամյանը փաստորեն հաստատել է ՀՀԿ-ի հետ համագործակցության արդյունքում Դաշնակցության երեք նախարարների մասին մամուլի տեղեկությունները. Դավիթ Լոքյանը՝ տարածքային կառավարման, Արծվիկ Մինասյանը՝ էկոնոմիկայի, իսկ Լևոն Մկրտչյանը՝ կրթության ու գիտության:
Արմեն Ռուստամյանը հաստատել է նաև, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ կնքելու է քաղաքական երկարատև համագործակցության համաձայնություն: Այսինքն՝ խոսքը իսկապես վերաբերելու է նաև հետընտրական իրավիճակին, ինչը նշանակում է, որ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն, այսպես ասած, խորհրդարանական մեծամասնություն են ձևավորում, և երևի թե ներկայումս անհամաձայնությունները վերաբերում են մանդատների հարաբերակցությանը: Այսինքն՝ ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ն ըստ էության բաժանում են առաջին և երկրորդ տեղերը:
Այստեղ, սակայն, առաջանում է հետաքրքրական իրավիճակ: Մասնավորաբար, ՀՅԴ-ն իր ձայների քանակով լինելու է երկրո՞րդը, թե՞ կարող է լինել ավելի ներքև, բայց ՀՀԿ-ի հետ համագործակցության շուրջ պայմանավորվածության արդյունքում լինել իշխանություն: Այսինքն՝ առկա իրավիճակում դժվար է միանշանակ պնդել, որ ՀՀԿ-ից հետո ՀՅԴ-ն լինելու է երկրորդ ներկայացված ուժը:
Իհարկե, սրան զուգահեռ անշուշտ առկա է հարցը՝ իսկ ով կարող է հավակնել երկրորդ տեղին, երբ քաղաքական դաշտում որևէ կերպ ընդգծված ընդդիմադիր առաջատար ուժ գոյություն չունի, չկա նաև ոչ իշխանական ուժ: Մի շարք քաղաքական ուժեր հայտարարել են լիբերալ դաշտի համախմբման մասին: Կարո՞ղ է արդյոք այստեղ ձևավորվել դաշինք և այդ դաշինքը զբաղեցնել երկրորդ տեղը ՀՀԿ-ից հետո, սակայն ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ համագործակցության արդյունքում կազմի կայուն մեծամասնություն: Միանգամայն հնարավոր է:
Համենայնդեպս, ակնհայտ է, որ երկրորդ ուժի հարցը մնում է բաց, և ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունն այս առումով, ՀՅԴ-ին տեղ ապահովելով խորհրդարանում, չի ապահովում երկրորդ տեղը: Ավելին՝ սրա միջոցով Սերժ Սարգսյանը որոշակի վերահսկողական լծակ է ձեռք բերում ՀՅԴ-ի հանդեպ՝ այդպիսով կազմելով բազմաքայլ մի շղթա՝ ՀՅԴ-ի օգնությամբ վերահսկելով ՀՀԿ-ի ներքին տրամադրությունները, իսկ երկրորդ ուժի օգնությամբ էլ վերահսկելով ՀՅԴ-ին:
Իհարկե, այստեղ լիբերալ միավորման երկրորդը լինելու տարբերակը խիստ հիպոթետիկ է՝ նախ այն պատճառով, որ այդ միավորումը դեռևս չկա, և նույնիսկ այնքան էլ հստակ չէ, թե ովքեր կարող են կազմել այն ամբողջությամբ, որպեսզի այդ ուժը ունենա լուրջ պոտենցիալ: Հստակ չէ նաև, թե հատկապես ինչ առանցքի շուրջ կարող է ձևավորվել այդ դաշինքը:
Մյուս կողմից՝ ընդդիմադիր դաշտում այնպիսի խայտաբղետ և ցրված իրավիճակ է, որ հնարավոր է այդ դաշտում հավաքել գործնականում ցանկացած կոնստրուկցիա: Եվ այս առումով իշխանության ծրագրերը, իհարկե, կունենան ամենևին ոչ վերջին նշանակությունը և ազդեցությունը: Իսկ այդ տեսանկյունից իշխանությունների համար լիբերալ դաշինքի վարկածը կարող է լինել առավել նախընտրելի, քանի որ այդ դաշինքը անկասկած հանդես կգա ոչ արմատական և կոշտ ընդդիմության դիրքերից, կլինի առավելապես գաղափարական, միաժամանակ կարող է նաև բավական դրական ընկալվել Արևմուտքում:
Սակայն կասկած չկա նաև, որ խորհրդարանում երկրորդ տեղի, այսպես ասած, «վերահսկողական» լծակի համար բավական ակտիվ գործելու է նաև Ռուսաստանը, և այստեղ կա՛մ Արթուր Բաղդասարյան-Արա Աբրահամյան հնարավոր տանդեմը, կա՛մ նրանցից որևէ մեկը միայնակ կարող է այդ աջակցությամբ հավակնել որոշակի դերակատարման:










































