Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) հավանություն է տվել օրինագծին, համաձայն որի՝ հանրապետության օրենսդրական ակտերից պետք է հանվի «ռասա» բառը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Ինչպես հայտարարել է օրինագծի նախաձեռողներից մեկը՝ պատգամավոր Ալֆրեդ Մարի-Ժանը, այդ աբսուրդային հասկացությունը, որն ընկած է վատ գաղափարախոսության հիմքում, տեղ չունի իրենց իրավական համակարգում:
Այդ բառը կհանվի Ֆրանսիայի նորմատիվ ակտերից, իսկ երկրի Քրեական օրենսգրքում, ինչպես նաև Մամուլի ազատության մասին օրենքում այն կփոխարինվի «էթնիկ» հասկացությամբ:
Հատկանշական է, որ պատգամավորները որոշել են օրենքներում թողնել «ռասիզմ» տերմինը: Նպատակն այն է, որպեսզի միջռասայական ատելության հողի վրա կատարված իրավախախտումների վերաբերյալ գործերի դատական կարգով քննելու հնարավորությունը պահպանվի:










































