Շուրջ 15 օր է, ինչ Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազության վարույթում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆինանսական մեքենայությունների մասին փաստաթղթերը։ ՌԴ «Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական խորհուրդը», որը այդ փաստաթղթերն ուղարկել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, դեռևս դատախազությունից որևէ պատասխան չի ստացել, այն դեպքում, երբ պատասխանն ակնկալվում էր մայիսի 13-ին՝ փաստաթղթերի ներկայացումից հետո տասն օրվա ընթացքում: Նշենք, որ փաստաթղթերը դատախազության վարույթում էին մայիսի սկզբից:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Մարինա Գալյուչենկոն տեղեկացրեց, որ քանի որ գործը միջկառավարական է, վերաբերում է ոչ միայն ռուսաստանյան գործիչների, դրա դիտարկումն ավելի խորն է, որի պատճառով էլ պատասխանն ուշանում է և, ամենայն հավանականությամբ, կլինի հաջորդ շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ ՌԴ Կոռուպցիայի դեմ պայքարի հասարակական կազմակերպությունը Հայաստանում համագործակցում է «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի նախաձեռնած «Հակակոռուպցիոն կենտրոն»-ի հետ։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Մարինա Գալյուչենկոն, իրենք բարձր են գնահատում հայաստանյան կառույցի գործունեությունը, որը մի քանի ամիս է, ինչ գործում է, բայց հասցրել է մեծ օգուտ տալ: Իսկ Քոչարյանի գործունեության մասին փաստաթղթերը ռուսաստանյան կենտրոնի մոտ են հայտնվել Հայաստանից՝ «Հակակոռուպցիոն կենտրոնից»:







































