Հայաստանի կառավարությունը որոշել է, որ պետք է տարանջատել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունները: Ազգային ժողովը այդ հարցը կքննարկի արտահերթ նիստում: Եվ, իհարկե, հավանության կարժանացնի անկասկած, քանի որ հարցը գտնվում է ՀՀԿ-ՀՅԴ կամ Սերժ Սարգսյան-ՀՅԴ կոալիցիոն պայմանավորվածությունների հարթության վրա: Այդ նախարարությունը բաժանում են, որ տարածքային կառավարման պորտֆելը տրվի ՀՅԴ-ին:
Կառավարության այս որոշումը ցցուն օրինակ է, թե ինչպես են քաղաքական, խմբակային, կոնյունկտուրային, կուսակցական, կլանային նկատառումներով առևտրի առարկա դառնում պետական լծակները, պետական կառավարման համակարգի կառույցները: Արտակարգ իրավիճակների նախարարությունն ու տարածքային կառավարումը միացվեցին մոտ երկու տարի առաջ, երբ, այսպես ասած, դեռ ողջ էր ոչիշխանական բևեռ կոչված քաղաքական խմբավորումը:
ԱԻՆ և ՏԿՆ միավորումը այդ ժամանակ ձիու վրա գտնվող Հովիկ Աբրահամյանի և ոչիշխանական բևեռի «նոու-հաուն» էր: Հիշարժան է, որ Հովիկ Աբրահամյանը այդ օրերին հանդես եկավ նույնիսկ հայտարարությամբ, որ այդ նախարարությանը կարելի է միավորել նաև ոստիկանությունն ու ստեղծել ՆԳՆ մեծ նախարարություն:
Այդպիսով ոչիշխանական բևեռն ու Աբրահամյանը ցանկանում էին ազատվել նաև Վլադիմիր Գասպարյանից: Այսինքն՝ տվյալ ժամանակահատվածի կոնյունկտուրայից ելնելով՝ այդ նախարարությունները միավորվեցին: 2015 թվականի փետրվարից կոնյունկտուրան փոխվեց, իսկ այժմ այդ փոփոխությունները խորանում են, և այժմ էլ ԱԻՆ-ը և ՏԿՆ-ն բաժանվում են:
Այսինքն՝ պետական կառավարման համակարգը Հայաստանի իշխող քաղաքական խմբավորումների համար պարզապես խաղալիք է, ոչ թե պետական խնդիրները լուծելու միջոց: Սա հաստատվում է հերթական անգամ:
Սերժ Սարգսյանը մոտ երկու տարի առաջ որոշակի տեղատվության փուլում էր, և միավորված ՏԿԱԻՆ-ը դարձավ ոչիշխանական բևեռի մակընթացությունը: Այժմ Սերժ Սարգսյանն ինքն է գտնվում մակընթացության փուլում և տեղատվություն է ապրում այն, ինչը մոտ երկու տարի առաջ հանդիսացավ ոչիշխանականների մակընթացությունը: Այսինքն՝ պետական կառավարման համակարգը այս խմբավորումների համար մի մեծ լողափ է, որտեղ նրանք պարզապես հանգստանում են՝ հանրությանը ծառայություն մատուցելու փոխարեն: Այդ լողափում հանրությունն է ծառայություն մատուցում «հանգստացող» «էլիտաներին»: Դրա հետևանքը այն է, որ Հայաստանի պետականությունը ներկայումս նմանվում է ավազե տնակի: Լողափում այլ բան չէր էլ կարող լինել:












































