ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի վերջին 3 տարում արդեն 37-րդ անգամ է դեմ արտահայտվել առողջապահության համակարգի բարեփոխումներին, որը մշակել է նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը: Ինչպես և սպասվում էր, ձայները խիստ առանձնացել են՝ ըստ կուսակցական պատկանելության: 229 հանրապետականներ դեմ են քվեարկել, 195 դեմոկրատներ՝ կողմ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Սակայն այդ քայլը, որը հանրապետական ընդդիմության կողմից համառ պարբերականությամբ կրկնվում է, խորհրդանշական բնույթ է կրում և, ինչպես նախկինում, ոչ մի գործնական նշանակություն չունի: Սենատը, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները, չի պատրաստվում քվեարկություն անցկացնել ստորին պալատի գործընկերների օրինակով, իսկ բարեփոխումն ինքնին, որը հավանության էր արժանացվել և սկսվել դեռևս 3 տարի առաջ, ցանկացած դեպքում կշարունակվի:
Ներկայացուցիչների պալատում տեղի ունեցած քվեարկությունը նպատակ ուներ ընտրողներին հիշեցնելու, որ հանրապետականները, ինչպես նախկինում, հանդես են գալիս ծրագրի դեմ, որը նրանք կոչել են Obamacare:
Սոցհարցումները ցույց են տվել, որ բնակչության շրջանում միասնական կարծիք չկա բարեփոխման առնչությամբ: Այնուհանդերձ, Օբամայի վարչակազմը վճռականորեն մտադիր է շարունակել սկսած բարեփոխումն ու հասնել այն բանին, որ դրա բոլոր դրույթներն ուժի մեջ մտնեն:









































