Ինչպես հայտնի է, «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը բանակցություններ է վարում քաղաքական և քաղաքացիական ուժերի հետ՝ մարտի 1-ին մեկ մինասնական օրակարգով հանրահավաք անելու շուրջ։
Ճակատը հայտարարել է, որ միասնական հանրահավաքի է հրավիրում այն բոլոր քաղաքական ուժերին ու նախաձեռություններին, որոնք աշնանը «Բաղրամյան 26-ում չեն մասնակցել հայտնի ֆոտոսեսիային»։
Նախաձեռնությունը մինչ այս պահը, սակայն, բանակցություններ չի վարում ազատամարտիկների հետ, որոնք այս տարիների ընթացքում ակտիվորեն մասնակցում են բոլոր ընդդիմադիր հանրահավաքներին և բողոքի միջոցառումներին։
«Ազատամարտիկների դաշինքի» անդամ Ռազմիկ Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, ըստ էության, համակարծիք էր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանի այն տեսակետին, որ մարտի 1-ը զոհերի հիշատակը հարգելու և ո՛չ հանրահավաքի օր է: «Մարտի 1-ին յուրաքանչյուր մարդու համար իր խղճի, իր պատկերացման, զոհերի հանդեպ ունեցած հարգանքի, օրվա հիշատակի արարողություն է, քան հանրահավաքի։ Մենք որևէ ուժի հետ չենք, մենք ինքներս մեզ հետ ենք»,- ասաց Ռ.Պետրոսյանը՝ հավելելով, որ եթե որևէ ուժի գաղափարները համընկնեն իրենց գաղափարների հետ, ապա հենց այդ ուժերը թող լինեն ազատամարտիկների կողքին։
«Քննարկումներ չենք արել ոչ մեկի հետ, եթե դաշինքում էլ չլինեի, ապա պարզապես իրավունք չունեի չմասնակցելու և հարգանքի տուրք չմատուցելու այն զոհերի հիշատակին, որոնք մեր արժանապատիվ ապագա ունենալու համար են զոհվել: Ես կգնամ և կհարգեմ նրանց հիշատակը։ Դա ոգեկոչման օր է»,- ասաց ազատամարտիկը։
Նա ընդգծեց, որ եթե քաղաքական ուժերն էլ ունենային այդ գիտակցությունը, «ապա փառք և պատիվ իրենց, եթե կգնան և կհարգեն տասը անմեղ զոհերի հիշատակը։ Մենք որևէ քաղաքական ուժի միանալու խնդիր մեր առջև չենք դրել։ Չգիտեմ ինչ տարբեր խաղերի կամ առևտրի մեջ են՝ մենք դրա հետ գործ չունենք»,- եզրափակեց Ռազմիկ Պետրոսյանը։
Ի դեպ՝ արտախորհրդարանական ուժերից «Հայազն» կուսակցությունը ևս նախագահական նստավայրում չի մասնակցել սահամանադրական փոփոխությունների հայտնի ֆոտոսեսիային, սակայն «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատն այս ուժի հետ միասնական հանրահավաք անելու շուրջ բանակցություններ չի վարում։
«Հայազն» կուսակցության վարչության անդամ Արմեն Աղայանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մինչ այս պահը որևէ ուժի հետ հանրահավաք անելու շուրջ իրենք բանակցություններ չեն վարել և քննարկումներ չեն արել:





































