Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանը Իրանի և Չինաստանի հետ վիզային ռեժիմի խստացման պատճառով կորցրել է մոտ 100 միլիոն դոլար։ Այդ մասին «Ռուսթավի 2» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ազգային բանկի նախագահ Գեորգի Կադագիձեն:
«Իշխանությունների սխալներից մեկը վիզային կարգավորումն է։ Միայն Իրանի ու Չինաստանի հետ վիզային կարգավորումների խստացումը պատճառել է 100 միլիոն դոլարի վնաս։ Դա ավելին է, քան՝ 2015 թվականին գինու արտահանումը»։
2014 թվականին Վրաստանը որոշել է մի շարք երկրների քաղաքացիների համար խստացնել վիզային ռեժիմը՝ դա բացատրելով ԵՄ-ի պահանջներով։ Սակայն 2015 թվականի կեսերին Վրաստանի կառավարությունը մեղմացրեց վիզային կարգավորումները՝ ընդունելով, որ խստացումն այդ երկրներից Վրաստան այցելուների կրճատման պատճառ է դարձել։
Վրաստանն այս տարվա փետրվարի 15-ից վերացրել է Իրանի հետ վիզային ռեժիմը, որը միակողմանի ներդրվել էր 2013 թվականին՝ ՄԱԿ-ի խորհուրդներին անսալու պատճառաբանությամբ։ Չինաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը սկսել է գործել 2014 թվականի սեպտեմբերին։ Այն չեղյալ է հայտարարվել 2015 թվականի հունիսին։









































