Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը ձեռնամուխ է եղել ԵՄ-ի հետ համագործակցության հեռանկարների նախնական քննարկմանը՝ չսպասելով ԵՄ-ից մանդատի ստացմանը, որպեսզի բանակցություններ անցկացվեն նոր համաձայնագրի շուրջ։ Այդ մասին գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդգուլիևը։
Նրա խոսքով՝ նոր համաձայնագիրը նախատեսում է Ադրբեջանի օրենսդրությունը մոտեցնել միջազգային առևտրային նորմերին, ինչպես նաև ԵՄ չափորոշիչներին, ինչը պետք է հանգեցնի ԵՄ շուկայում ադրբեջանական արտադրանքի մուտքի բարելավմանը:
«Մենք շահագրգռված ենք ԵՄ քաղաքական բարձրագույն մարմնից մանդատ ստանալու գործընթացն արագացնելու հարցում՝ բանակցային գործընթացի մեկնարկի համար, ինչը կախված է Եվրոպական հանձնաժողովից։
Իսկ մինչ այդ մենք ձեռնամուխ ենք եղել նախնական խորհրդակցություններին։ Դրա հետ կապված՝ դեկտեմբերին Բաքու էր ժամանել ԵՄ պատվիրակությունը, իսկ նախորդ ուրբաթ մենք տեսակոնֆերանս անցկացրինք Բրյուսելի հետ»,- ասել է նա։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանը նախաձեռնել է ԵՄ հետ ստորագրել ռազմավարական գործընկերության մասին համաձայնագիր՝ Ասոցացման համաձայնագրի փոխարեն։











































