Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում մեկնարկել է «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումը հասարակական սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ: Հիմնական զեկուցողը՝ ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արսեն Մկրտչյանը նշել է, որ օրենքի նախագծի վրա բավականին երկար աշխատանք է տարվել, այն քննարկումների տարբեր փուլեր է անցել ու ներկայացվել է կառավարությանը: «Օրենքի ընդունմամբ մենք հնարավորություն ենք տալիս հասարակական կազմակերպություն ստեղծելու համար միավորվել թե՛ իրավաբանական անձանց, թե՛ քաղաքացիներին: Գիտեք, որ գործող օրենքով իրավաբանական անձինք հասարակական կազմակերպություն ստեղծելու համար միավորվելու իրավունք չունեն: Օրենքը նաև հնարավորություն է տալու ստեղծել հասարակական կազմակերպություններ սահմանափակ անդամության հիման վրա: Սա շատ կարևոր է հատկապես այն հասարակական կազմակերպությունների համար, որոնք ցանկանում են զբաղվել կոնկրետ գիտական գործունեությամբ և չեն ցանկանում իրենց շարքերը համալրել այդ գործունեությունից հեռու անձանցով»,- մանրամասնել է Արսեն Մկրտչյանը:
Նա հավելել է, որ նոր օրենքով ավելի ճկուն են դառնում հասարակական կազմակերպությունների կառավարման մեխանիզմները: Փոխնախարարը մանրամասնել է, որ օրենքով ՀԿ-ները իրավունք են ստանում իրենք որոշել, թե ինչպիսին պետք է լինեն կառավարման մեխանիզմները: «Ֆինանսական կայունության տեսանկյունից օրենքը հասարակական կամզակերպություններին հնարավորություն է տալիս զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ: Այսինքն՝ հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է կոնկրետ գործունեությամբ, հնարավորություն կունենա զբաղվել նաև ձեռնարկատիրական գործուն եությամբ: Սա կնպաստի հասարակական կազմակերպությունների ֆինանսական կայունությանը, նրանք խնդիրներ չեն ունենա սեմինարներ կազմակերպելու, տարածքների վարձակալության ու այլ հարցերում»,- ընդգծեց Արսեն Մկրտչյանը:
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանն ընդգծել է, որ օրենքի նախագիծը շատ կարևոր նշանակություն ունի հասարակական կազմակերպությունների ազատ գործունեությունն ապահովելու առումով: «Այսօր օրենքի նախագիծը քննարկումների տարբեր փուլեր է անցել, սակայն մենք չենք կարող այն ընդունել, քանի դեռ չենք քննարկել բոլոր շահագրգիռ կողմերի հետ: Ազգային ժողովում այս լսումները հրավիրել ենք հենց նրա համար, որպեսզի բոլորը հնարավորություն ունենան ավելի լավ ծանոթանալ օրե նքի նախագծով առաջարկվող կարգավորումների հետ: Մենք կլսենք բոլոր կարծիքները, մտահոգությունները, որոնք հետագայում քննարկումների արդյունքում հնարավոր կլինի շտկել և օրենքի նախագծի վերջնական տարբերակը ներկայացնել Ազգային ժողովի քննարկմանը»,- ասել է էլինար Վարդանյանը:
Լուսանկարը՝ Photolure-ի








































