Google ընկերությունը թողարկել է Android-ի վերաբերյալ նոր գովազդային հոլովակ, որում ակնարկ է արվել մրցակից iOS օպերացիոն համակարգի և փչացած դաշնամուրի միջև նմանության մասին։ Տեսանյութը հասանելի է YouTube-ում Android-ի ալիքում։
Ըստ սյուժեի՝ դաշնակահարը հերթով նվագում է երկու՝ արտաքնապես նման երաժշտական գործիքների վրա։ Դրանցից մեկը «փչացած» է. բոլոր ստեղներն արձակում են միևնույն նոտան։
Գովազդի ավարտին էկրանին հայտնվում է նշանաբանը՝ «Եղեք միասին, բայց ոչ միանման»։ Այդ կերպ Google-ն ակնարկում է, որ Android-ի առավելությունը Apple-ի օպերացիոն համակարգի նկատմամբ կայանում է բազմազանության մեջ։
Առանձին տեսանյութում ընկերությունը հայտնել է, որ նույն նոտան արձակող դաշնամուրի ստեղծման վրա 5 շաբաթ է ծախսվել։








































