WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը Russia Today ալիքին տված բացառիկ հարցազրույցում ասել է, որ Facebook սոցիալական ցանցը հանդիսանում է «պատմության մեջ ամենահզոր լրտեսական գործիքը»:
Ասանժը կարծում է, որ Facebook-ն ավտոմատորեն հավաքում է նրանում գրանցված բոլոր օգտատերերի անձնական տվյալները, իսկ հետագայում այդ տեղեկությունները հայտնվում են ԱՄՆ գաղտնի ծառայությունների ձեռքում: «Facebook-ը խոշորագույն լրտեսական մեքենան է, որը երբևէ ստեղծվել է մարդկանց կողմից»,- ասել է նա հարցազրույցի ընթացքում:
«Մենք գործ ունենք մարդկանց տվյալների ամենամեծ բազայի հետ, ուր կան բոլոր տեղեկությունները միմյանց հետ նրանց հարաբերությունների, նրանց հասցեների, անձնական կապերի և բարեկամների մասին»,- ասել է Ասանժը` հավելելով, որ այդ տեղեկությունները հասանելի են ամերիկյան հատուկ ծառայություններին: Բացի Facebook-ից Ասանժը հիշատակել է նաև Google-ն ու Yahoo!-ն, որոնք նույնպես նմանատիպ գործունեություն են ծավալում: