2015 թվականի ընթացքում Հայաստանում հացի արտադրության ծավալները նվազել են 2 տոկոսով: Սա Ազգային վիճակագրական ծառայության տվյալն է։ Եթե 2014 թ. Հայաստանում արտադրվել է մոտ 290 հազար տոննա հաց, ապա 2015-ին՝ 284,5 հազար տոննա։ Հացի վաճառքի նվազում է նկատվում անգամ սուպերմարկետներում։ Եվ դա անզեն աչքով էլ կնկատես՝ ասում են վաճառողները։
Ինչ է սա նշանակում: Երկու կարևոր եզրահանգում կա անելու։ Առաջին՝ արտագաղթ։ Բնակչության թվի նվազման հետ նվազել է նաև կենսական անհրաժեշտության ապրանքատեսակի վաճառքը, թեև հացի գնի չնչին նվազում է եղել։
Շրջանառվող լուրը, թե հացի գինը նվազել է, հարցվածների կարծիքով, մասամբ է համապատասխանում իրականությանը, թեև գին իջեցնողներ էլ կան, միայն թե՝ քաշի հաշվին։
Հացի սպառման ծավալների նվազման երկրորդ պատճառը առևտրաշրջանառության կրճատումն է, այլ կերպ ասած՝ ժողովրդի գրպանի պարունակությունն է պակասել։ Ազգային վիճակագրական ծառայությունն է փաստում. 2015 թվականին մանրածախ ապրանքաշրջանառությունը կրճատվել է 7,8 տոկոսով, զգալի վնաս են կրել խանութները, որոնց մասով անկումը հասել է 10,3 տոկոսի:
Մարդու օրգանիզմի կենսագործունեության համար անհրաժեշտ են սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ։ Դրանք լրացնելու նվազագույն զամբյուղը կազմում է մոտ 60 հազար դրամ. սա առողջապահության նախարարության՝ պարենային զամբյուղի հիման վրա հաշվարկվող նվազագույն սպառողական զամբյուղի արժեքն է։ Մինչդեռ Հայաստանում պարենային նվազագույն զամբյուղի արժեքը 5000-ով քիչ է նշված գումարից։ Սոված չմնալու և մարդու օրգանիզմի համար ամսվա կտրվածքով անհրաժեշտ կալորիաները լրացնելու համար 2-3-հոգանոց ընտանիքին անհրաժեշտ է միջինը 120 հազար դրամ։ Իսկ որքա՞ն են ծախսում հարցվածները մեկ ամսվա սննդի համար։
Ոչ միայն ժողովրդի, ասել է, թե՝ պետության ձեռքն էլ փող չկա կամ գուցե պահանջարկ չկա։ Ազգային վիճակագրական ծառայությունը փաստում է. 2015 թվականին Հայաստանն աշխարհի հետ իրականացրել է ավելի քան 4,7 մլրդ դոլարի առևտուր՝ 20,6 տոկոսով պակաս 2014-ի ցուցանիշից։









































