Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը բացառել է ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հնարավորությունը՝ փոխանցում է AFP գործակալությունը։
«Մենք ոչ մի «պլան Բ» չունենք, կա միայն «պլան Ա»։ Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ-ում և կլինի դրա ակտիվ մասնակից, որը կզբաղեցնի կառուցողական դիրքորոշում»,- ընդգծել է նա։
Լոնդոնը փետրվարի 2-ին Բրյուսելի հետ համաձայնեցրել էր ԵՄ-ում Բրիտանիայի անդամակցության պայմանների վերանայման 4 առաջարկից կազմված նախագիծ։ Ինչպես սպասվում է՝ այդ փաստաթուղթը կներկայացվի փետրվարի 18-19-ին կայանալիք գագաթնաժողովում Եվրոպական միության պետությունների ու կառավարությունների ղեկավարների դիտարկմանը։
Քեմերոնն անձամբ հայտարարել է, որ ծրագրում է փետրվարի 19-ին պաշտոնական մեկնարկ տալ քարոզարշավին՝ անդամակցության հարցով հանրաքվեի նախաշեմին։









































