Հունաստանը մինչև չորեքշաբթի փախստականների գրանցման 4 կենտրոն կբացի՝ փետրվարի 18-19-ը Բրյուսելում կայանալիք ԵՄ գագաթնաժողովի նախաշեմին։ Այս մասին հայտնում է France Presse գործակալությունը՝ հղում անելով հունական կառավարության աղբյուրին։
Գրանցման կենտրոններ կբացվեն Լեսբոս, Խիոս, Լերոս և Սամոս կղզիներում, որոնք Հունաստանը նախատեսել էր բացել դեռևս անցած տարի։ Եռօրյա ժամկետում դրանք ապաստան կտրամադրեն հազարավոր փախստականների։ Այդ ընթացքում փախստականները կգրանցվեն և մատնահետքեր կհանձնեն։
Բացի այդ, այդ կետերը կիրականացնեն անվտանգության ապահովման միջոցառումներ՝ ուղղված անվտանգության և ԵՄ երկրներ ջիհադիստների ներթափանցումը կանխելու դեմ։
Կենտրոնները ներգաղթյալներին կտան ԵՄ-ում հետագա գտնվելու թույլտվություն կամ կարտաքսեն նրանց։
Ինչպես նշել է հունական կառավարության աղբյուրը, ավելի ուշ Կոս կղզում կբացվի ևս մեկ կենտրոն։








































