Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ քաղաքաշինության ոլորտում նախորդ շաբաթ իրականացված հսկողության արդյունքում արձանագրվել է ապօրինի շինարարության և հողազավթման 3 դեպք: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, արձանագրություններ են կազմվել նաև շինհրապարակների կազմակերպման պայմանների խախտման դեպքերի մասով: Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է վերահսկել նաև տեղերում վարչական շրջանների համապատասխան բաժինների աշխատանքն ու նկատվող թերացումների մասով կարգապահական տույժերի ենթարկել թերացողներին, ընդհուպ աշխատանքից ազատում:
«Վերջին տարիներին թյուր կարծիք է ձևավորվել, որ այս մասով կարգապահական տույժերը կիրառվում են միայն քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների նկատմամբ, մինչդեռ վարչական շրջանների համապատասխան ծառայությունների թերի աշխատանքը մնացել է ստվերում: Ըստ այդմ, հարկ է, որ տեղերում խստորեն վերահսկվի նաև տվյալ բաժինների աշխատանքն ու նկատվող թերացումների մասով կարգապահական տույժեր կիրառվեն հենց տեղի պատասխանատուների նկատմամբ, ինչը վստահաբար կնպաստի, որ տեղերու մ առավել հետևողական ու պատասխանատու մոտենան իրենց պարտականությունների կատարմանը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:









































