Սպիտակ տան կայքում տեղադրված պահանջագիրը ստորագրել է շուրջ 8.5 հազար մարդ` կոչ անելով ռազմական հանցագործության համար դատել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, հայտնում է RIA Novosti-ն:
Պահանջագիրը հրապարակվել է փետրվարի 8-ին և մինչև երկուշաբթի հավաքել է 8473 ստորագրություն: Տեղադրվող էլեկտրոնային պահանջագրի պայմանների համաձայն` եթե նախաձեռնությունը մինչև մարտի 9-ը հավաքի 100 հազար ստորագրություն, այն պետք է դիտարկվի Սպիտակ տան վարչակազմի կողմից:
Դիմումում ամերիկյան նախագահին մեղադրանք է ներկայացվում Լիբիայում ագրեսիայի, Սիրիայում ահաբեկչական խմբավորումներին աջակցելու, Գուանտանամո բանտի շահագործման և ԱՄՆ քաղաքացիների անձնական տվյալների հավաքման համար:
«Մենք պահանջում ենք նախագահ Բարաք Օբամային մեղավոր ճանաչել ռազմական հանցագործությունների համար և դատական գործողություն իրականացնել Հաագայի Միջազգային քրեական դատարանում: Նա մեղավոր է ոչ միայն ԱՄՆ քաղաքացիների, այլ ամբողջ աշխարհի դեմ հանցագործության համար»,- գրված է պահաջագրում:









































