ՍԴՀԿ Կենտրոնական վարչության անդամ Ռոբերտ Տեր-Սարգսյանը «168 ժամ»-ում գրում է. «Հակոբ Տիգրանյանն օրերս դիմել է «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի տնօրինությանը և սեպտեմբերին հյուրանոցում համահնչակյան հերթական համագումարն անցկացնելու համար դահլիճ պատվիրել: Համահնչակյան համագումարները տեղի են ունենում չորս տարին մեկ պարբերականությամբ:
Նախորդ՝ 2009 թվականին տեղի ունեցած համագումարի ժամանակ ՍԴՀԿ-ն որոշել էր շարունակել ընդդիմադիր կուրսը, պաշտպանել Լեոն Տեր-Պետրոսյանին և շարունակել լինել ՀԱԿ անդամ: Այդ համագումարին ներկա էր և ելույթ ունեցավ նաև ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Սակայն կուսակցության ատենապետ Սեդրակ Աճեմյանն անտեսելով համագումարի որոշումը, կտրուկ փոխեց կուսակցության քաղաքական դիրքորոշումը, հայտարարվեց ՀԱԿ-ից դուրս գալու մասին, և ՍԴՀԿ-ն գնաց իշխանության հետ սերտ համագործակցության ճանապարհով՝ 2013թ. նախագահական ընտրություններում արդեն սատարելով Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Հնարավոր է, որ այս համագումարի ժամանակ նախորդից տարբերվող որոշում կայացվի, մասնավորապես աջակցել իշխանությանը և կառավարությանը՝ նախանշված ծրագրերի իրականացման գործում: Հնարավոր է նաև, որ ամեն ինչ գլխիվայր շուռ գա: Որոշ հնչակյաններ համագումարն «Արմենիա-Սարիոթում» անցկացնելը խիստ խորհրդանշական են համարում: Հայտնի է, որ ՍԴՀԿ ԿՎ ատենապետ Սեդրակ Աճեմյանը Կոտայքի մարզում ունի սեփական հյուրանոցային համալիր՝ «Անի ռեզորթը», որտեղ կան համագումարներ գումարելու համար նախատեսված դահլիճներ: Մասնավորապես «Անի ռեզորթում» է անցկացվել հայաստանյան հնչակյանների համագումարը, եթե հավատալու լինենք այդ կուսակցության անդամների հավաստիացումներին:
Եթե կուսակցության ատենապետն ունի սեփական հյուրանոցային համալիր, ապա ինչո՞ւ է համագումարի համար այլ դահլիճ վարձվում: Մանավանդ որ, ըստ որոշ խոսակցությունների՝ «Արմենիա-Մարիոթի» հետևում կանգնած են մրցակից դաշնակցականները: Հնարավոր է, որ նման որոշումը պատճառաբանվի այն հանգամանքով, որ «Արմենիա-Մարիոթը» գտնվում է Երևանի կենտրոնում, և ավելի ներկայացուցչական է, քան «Անի ռեզորթը»: Բայց հնարավոր է, որ նման որոշման համար կա այլ, ավելի հիմնավոր պատճառ:
ՍԴՀԿ-ում արդեն տևական ժամանակ առկա են հակաաճեմյանական տրամադրություններ, և հնչակյան շատ կառույցներ դժգոհ են Աճեմյանի գործունեությունից կամ անգործությունից: Դժգոհությունը հատկապես մեծ է Լիբանանի, Սիրիայի և Կիպրոսի հնչակյան շրջանակներում: Հենց այդ պատճառով չի բացառվում, որ Համահնչակյան համագումարների ժամանակ ընտրվի այնպիսի Կենտրոնական վարչություն, որը չցանկանա Աճեմյանին վերընտրել կուսակցության ատենապետ: Իսկ Աճեմյանին պաշտոնանկ անել սեփական հյուրանոցում, այսինքն՝ տանտիրոջը շնորհազրկել սեփական հարկի տակ, այնքան էլ համահունչ չէ ազգային արժեքներ դավանող կուսակցության արժեհամակարգին: Այլ բան է, եթե դա տեղի է ունենա որևէ չեզոք միջավայրում, այս դեպքում՝ «Արմենիա Մարիոթում»:
Հնչակյան կուսակցությունը հայտնի է նրանով, որ ունի սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսություն, սակայն ակտիվորեն պաշտպանում է ազատական գաղափարա-խոսություն դավանող վարչապետ Տիգրան Սարգսյանին և նրա կառավարության քաղա-քական կուրսը: Այս կուսակցությունը երբևէ հանդես չի եկել սոցիալական պահանջներով, երբեք չի քննադատել իշխանություններին՝ վարվող տնտեսական քաղաքականության, գների և եկամուտների անհամաչափ բարձրացման կամ աշխատանքի անհամաչափ շահագործման համար: Մի խոսքով, իրեն երբևէ չի դրսևորել՝ որպես սոցիալական գաղափարախոսություն դավանող կուսակցություն, թեև կուսակցության հիմնադիրների մեջ քիչ չէին համոզված մարքսիստները: Ընդհակառակը՝ սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավարն ամերիկահայ միլիոնատեր է, ով հանուն իր բիզնեսի՝ պաշտպանում է իշխանության և իշխանավորների շահերը:
Ահա՝ թե ինչպիսին են հայաստանյան կուսակցությունները՝ ոչ միայն Հայաստանում, այլ նաև՝ ի սփյուռս աշխարհի»:









































