Պաղեստինում Աղետի օրը (Ալ-Նակբա) նշել են հանրահավաքներով և Իսրայելի անվտանգության ուժերի հետ բախումներով: Այն կապվում է հրեական պետության ստեղծման և հաջորդ օրը հանուն անկախության սկսված պատերազմին, որի արդյունքում հազարավոր պաղեստինցիներ փախստական են դարձել՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հեռուստաուղերձով դիմել է ժողովրդին: Նրա խոսքով՝ իրենց իրավունքները և ինքնությունը պահպանելու համար պայքարում պաղեստինցիները հսկայական զոհեր են տվել՝ «հազարավոր նահատակներ և տասնյակ հազարավոր վիրավորներ», սակայն այդ ամենը զուր չէր:
«Այսօր աշխարհում չկա այնպիսի մի երկիր, ներառյալ ԱՄՆ-ը, որ կհերքի 1967թ.-ից բռնազավթված հողերի վրա անկախ պետություն ստեղծելու մեր օրինական իրավունքը»,- ասել է նախագահը: Աբասն ընդգծել է, որ պաղեստինցիները չեն գնա այնպիսի համաձայնագրերի կնքման, որոնք չեն երաշխավորի այդ հողերի վերադարձը: Բացի այդ՝ «խաղաղություն չի լինի, քանի դեռ մեր բանտարկյալները (իսրայելական բանտերում) չեն վերադառնա իրենց ընտանիքի գիրկը»:
Զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Հևրոնի շրջանում, որտեղ քարեր են նետել զինծառայողների ուղղությամբ, ինչի հետևանքով նրանցից 4-ը վիրավորվել են, ևս 4-ը տուժել են այրող հեղուկով լի շշերի հարվածներից: Իրավապահները փորձել են ցրել ցույցը:









































