Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն, որն այս տարվա սկզբին ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն, «Բարի գալուստ, Նյու Յորք» ֆիլմում անվճար կկատարի գլխավոր դերը: Ֆիլմը նվիրված է Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին ղեկավար Դոմինիկ Ստրոս-Կանի շուրջ ստեղծված սեքս-սկանդալին: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով ֆիլմի պրոդյուսեր Վենսան Մարավալին:
Վերջինիս խոսքով՝ նկարահանումների մեկնարկից մի քանի օր առաջ իրեն զանգահարել է Դեպարդյեն՝ իր դժգոհությունն արտահայտելու պրոդյուսերի կողմից Le Monde-ում տպագրված հոդվածի առնչությամբ: Հոդվածը կրում էր հետևյալ վերնագիրը՝ «Ֆրանսիացի դերասանը չափազանց շատ է վճարվում»:
«Վենսա´ն, դու ստում ես, ես ստիպված եմ եղել Նյու Յորքի տոմսի համար անձամբ վճարել: Դու ինձ ոչինչ չես տվել»,-Դեպարդյեի խոսքերն է մեջբերել Մարավալը Télérama պարբերականին տված հարցազրույցում:
Պրոդյուսերը նշել է, որ 64-ամյա դերասանը խոստացել է նույն կերպ պատասխանել իրեն՝ գրելով հոդված, որը կկրի «Ֆիլմի հովանավորներն արդյոք առնետ չե՞ն» վերնագիրը:
Մարավալը խոստովանել է, որ իր գումարը չի բավականացնում ֆիլմի նկարահանումների համար: Ժամեր անց դերասանը կրկին զանգել է նրան ու ասել, որ համաձայն է ֆիլմում անվճար նկարահանվել:









































