Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Գագիկ Սարգսյանի նախագահությամբ ավարտվել է Գառնիկ Պողոսյանի գործի դատավարությունը:
Ըստ դատավճռի՝ Արտաշատ քաղաքի բնակիչ, 19-ամյա Գառնիկ Պողոսյանը 2011 թվականի սեպտեմբերին ծանոթացել է Երևան քաղաքի բնակչուհի, անչափահաս՝ 1999 թվականի մայիսի 13-ին ծնված, այսինքն՝ ծանոթության պահին 12-ամյա Ի.-ի հետ:
Դատական ակտի համաձայն՝ երիտասարդն անչափահաս աղջկա մայրիկից թույլտվություն է խնդրել նրա դստեր հետ շփվելու համար: Թույլտվությունը… ստացել է:
Աղջկա հետ «հաճախակի» հանդիպումներ է ունեցել… «ամուսնության նպատակով»:
2012 թվականի փետրվարի 24-ին Ի.-ն Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող մորաքրոջն այցելելու նպատակով միայնակ ժամանել է Արտաշատ:
Շուկայի տարածքում նա «պատահաբար» հանդիպել է Գառնիկ Պողոսյանին: Վերջինս աղջկան առաջարկել է իր տուն գնալ:
Դեռևս 12-ամյա աղջիկը համաձայնել է: Գառնիկի տուն են գնացել: Տանը երկուսով են եղել:
Ըստ դատավճռի՝ փոխադարձ համաձայնությամբ նրանք սեռական հարաբերություններ են ունեցել: Մինչև մայիսի 27-ը ակնհայտորեն 16 տարին չլրացած աղջկա հետ Գառնիկը սեռական հարաբերություններ է ունեցել ևս 4 անգամ:
Աղջիկը, ծնված լինելով մայիսի 13-ին, այդ ընթացքում հասցրել է դառնալ 13 տարեկան: Չափահաս երիտասարդն ու անչափահաս աղջիկը վերջին անգամ սեռական հարաբերություններ են ունեցել 2012 թվականի մայիսի 27-ին:
Ընդհանուր իրավասության դատարանում Գառնիկ Պողոսյանն իրեն մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով՝ ակնհայտ 16 տարին չլրացած աղջկա հետ սեռական հարաբերություններ ունենալու համար:
Նա հայտնել է, որ ծանոթության ժամանակ իմացել է, թե աղջիկը 14 տարեկան է: Երբ նրան իրենց տուն է հրավիրել, աղջիկը համաձայնել է: Երկուսով գնացել են ննջասենյակ, համբուրվել են, գրկախառնվել, ու աղջիկն ինքնակամ հանվել է, ինքնակամ էլ սեռական հարաբերություններ ունեցել իր հետ:
Ամբաստանյալը դատարանում ընդգծել է, թե նպատակ ունի հետագայում ամուսնանալու Ի.-ի հետ:
Տուժող աղջիկը, որը, իր կարծիքով, երևի տուժող չէր, դատարանում հայտնել է, թե Գառնիկի հետ ծանոթացել է հեռախոսով: Երբ Արտաշատում հանդիպել է Գառնիկին ու նրա տուն գնացել, Գառնիկը բանալիով փակել է դուռը: Գնացել են ննջարան, տղան հանել է իր շորերը, ինքը չի առարկել: Սեռական հարաբերություններ ունեցել է իր կամքով ու ցանկությամբ:
Աղջիկը դատարանում նշել է, որ սեռական հարաբերություններ ունեցել է միայն Գառնիկի հետ: Գիտակցել է իր արարքն ու դրա հետևանքները: Գառնիկից բողոք չունի:
Աղջկա մայրը հայտնել է, թե ինքը Գառնիկին թույլատրել է միայն հեռախոսով շփվել իր անչափահաս դստեր հետ: Բայց իրականում նրանք հանդիպել են:
2012 թվականի հունիսի 8-ին, երբ ինքը մասնակցել է իր անչափահաս աղջկա հարցաքննությանը, միայն այդ ժամանակ է տեղեկացել, որ նա փետրվար ամսին Գառնիկի հետ սեռական հարաբերություններ է ունեցել:
Գառնիկը դստեր նկատմամբ բռնություն չի գործադրել, պարզապես աղջիկն առանց հասկանալու տրվել է նրան: Դուստրն այդ մասին իրեն ոչինչ չի ասել: Իսկ երբ տեղեկանալուց հետո ինքը… մտահոգվել է, դուստրը հայտնել է, թե ոչինչ չի ասել, քանի որ հասկացել է, որ սխալ բան է արել:
Դուստրը մեկ անգամ է սեռական հարաբերություն ունեցել՝ իր իմանալով, միայն Գառնիկի հետ:
Աղջկա ավագ քույրերը ոստիկանությունում հայտարարություն են տված եղել, թե Գառնիկն իրենց կրտսեր քրոջն առևանգել է:
Նախաքննական մարմնի՝ 2012 թվականի դեկտեմբերի 27-ի որոշմամբ Ի.-ին Գառնիկ Պողոսյանի կողմից առևանգելու դրվագով քրեական հետապնդում չի իրականացվել՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
2012 թվականի հունիսի 2-ին Գառնիկ Պողոսյանը Արտաշատի զբոսայգում հանդիպել է Ի.-ի քույրերին: Վիճաբանության ժամանակ ոտքով հարվածել է քույրերից մեկին, երկու ապտակ էլ բաժին է ընկել Ի.-ին: Բայց այս դրվագով Ի.-ն ու իր քույրը Գառնիկի դեմ չեն բողոքել, իսկ բողոքի բացակայության պայմաններում վերջինիս նկատմամբ այդ հարվածների ու ապտակների համար ևս քրեական հետապնդում չի իրականացվել:
Ընդհանուր առմամբ՝ Գառնիկ Պողոսյանի դեմ աղջկա ընտանիքի ոչ մի անդամ, աղջիկն էլ նրանց հետ՝ բողոք չեն ունեցել:
Դատահոգեբանական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժող աղջկա մոտ բացահայտվել են ինքնամփոփություն, մեկուսացվածություն, պասիվություն, բարձր ներշնչվողականություն, տպավորվողականություն:
Ըստ մասնագետի՝ աղջիկն ընկալել է իր նկատմամբ կատարված գործողությունների բնույթն ու նշանակությունը: Նա կարող էր դիմադրություն ցույց տալ, բայց չի ցանկացել դա անել: Դեպքի պահին նա եղել է հոգեկան լարված վիճակում, բայց լարվածությունն այնքան ուժեղ չի եղել, որ զրկեր նրան իր գործողությունների բնույթն ու նշանակությունը հասկանալու կարողությունից: Ըստ մասնագետի՝ աղջիկը կարող է մասնակցել գործի քննությանը և տալ արժանահավատ ցուցմունքներ:
Ըստ ամբուլատոր հանձնաժողովային դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության՝ Գառնիկ Պողոսյանը հոգեկան հիվանդությամբ չի տառապում, նրա մոտ հայտնաբերվել են բնավորության փսիխոպաթիկ գծեր: Խաղաղ մթնոլորտում ընթացած դատավարության ավարտին դատարանը մեղավոր է ճանաչել Գառնիկ Պողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով և դատապարտել 200 հազար դրամ տուգանքի:
Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է ուժի մեջ:








































