Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, կիրակի օրը՝ մայիսի 12-ին, Արմավիրի մարզի մի քանի գյուղերում՝ Մեծամորում, Գետաշենում, Շենավանում, Ակնալիճում, Նոր Արմավիրում, Նոր Արտագերսում, Ջրառատում, Նալբանդյանում, Բերքաշատում, Մրգաշատում վնասվել են գյուղատնտեսական մշակաբույսերը և ցանքատարածքները:
Դրանցից մի քանիսում 100 տոկոսով վնասվել են բոլոր մշակաբույսերը, և գյուղապետերի հավաստմամբ՝ դեռ մի քանի տարի գյուղում բերք չի լինի:
Այս կապակցությամբ գյուղացիները մի շարք ճանապարհներ էին փակել և պահանջում էին կարկուտի հասցրած վնասների փոխհատուցում: Մրգաշատցիները երեկ նույնիսկ փակել էին Երևան-Արմավիր մայրուղին: Տասնյակ գյուղերի բնակիչներ, ճանապարհը փակելով, պահանջում էին կարկուտի հասցրած վնասների փոխհատուցման հարցի արագ լուծում, ինչպես նաև՝ գյուղնախարարի հետ հանդիպում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Նալբանդյան գյուղի գյուղապետ Գրիգոր Մկրտչյանը նշեց, որ կենտրոնը եղել հենց իրենց գյուղը, պարզապես իրենց ժողովուրդը խելոք է, լավն է և համբերատար․ «Մեր գյուղից է ամեն ինչ սկսել, մենք տարեկան 1500 տոննա խաղող ենք տալիս գործարան, հիմա բերք չկա, թուփ էլ չկա: Քիչ առաջ գիտնականներ էին եկել՝ բոլորը զարմացած են՝ ո՛չ տերև կա, ո՛չ անգամ ցողուն, չգիտենք, թե ինչպես է գյուղը ոտքի կանգնելու: Ուղղակի հավատով սպասում ենք, չգիտեմ քիչ առաջ մեր պատգամավոր Ալիկ Պետրոսյանն էր եկել, խոստացան հարցը կարգավորել՝ ժողովուրդն էլ համբերատար սպասում է»,- նշեց նա:
Իր հերթին գյուղի բնակիչ Իշխան Պետրոսյանը, ում բերքը կարկուտի հետևանքով ևս վնասվել է, մեզ հետ զրույցում ասաց, որ, բացի սպասելուց, այլ ճանապարհ չի տեսնում. «Ահազանգել եք բոլոր հնարավոր տեղեր, ժողովուրդը սպասում է պարզապես, սա իսկական աղետ էր, ես 60 տարեկան մարդ եմ, բայց այսքան տարի նման բան չէի տեսել։ Տտեղեր կան, որ 100 տոկոսով բերքը վնասվել է՝ բանի պետք չէ, տեղեր էլ կան, որ 50-90 տոկոս։ Հիմա չգիտեմ՝ մեզ կօգնե՞ն թե՞ ոչ, հույսներս միայն դա է, որովհետև դեռ երկու տարի բերք չի լինի»,- ասաց նա:
Արմավիրի մարզի Նոր Արտագերս գյուղի գյուղապետ Սամվել Հակոբյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ևս նշեց, որ կարկտահարության հետևանքով 100 տոկոսով վնասվել է բերքը. «Բանի պետք չէ այս բերքը, վեջն ինչ է լինելու՝ չգիտեմ»:
Գյուղի բնակիչ Լյովա Վասիլյանը մեզ հետ զրույցում նշեց, որ միջինը 90-95 տոկոս վնաս է հասցրել կարկուտը, կան տարածքներ, որ 100 տոկոսով է վնասվել, կան տարածքներ՝ 85-90. «Երեք տարի առնվազն խաղող չի լինի, աղետալի վիճակ է այստեղ: Մեր գյուղում կա 640 գյուղացիական տնտեսություն, բոլորն այս վիճակում են, մենք հույսով սպասում ենք կառավարության աջակցությանը»:
Արշալույս գյուղի բնակիչներից մեկն էլ նշեց, որ սարսափած են կիրակի օրվա կարկուտից, քանզի վնասվել են բոլոր տեսակի բանջարաբոստանային կուլտուրաները՝ լոլիկը, վարունգը, ինչպես նաև ծիրանը, ելակը, դամբուլը:
Մրգաշատ գյուղի բնակիչ Մարատ Հովհաննիսյանն իր հերթին նշեց, որ իրենց գյուղում, ցորենից սկսած, ամեն ինչ վնասվել է. «100 տոկոսանոց վնաս ենք կրել, թե ծառերին մի տաս հատ ծիրան է մնացել, դա էլ արդեն բանի պետք չէ, թափելու բան է: Սա կակուտ չէր, սա աղետ էր մեզ համար, որի հետևանքները շատ ծանր են լինելու մեզ համար: Նախօրեին գյուղացիները ճանապարհն էին փակել, հիմա չգիտեմ, առայժմ բողոքի ակցիաներ չկան, մենք էլ ցուցակագրում ենք՝ ում ինչքան վնաս է հասցվել, որ դիմում ներկայացնենք մարզպետարան»:
Այն հարցին, թե մարզպետարանից կամ կառավարությունից ունե՞ն որևէ ակնկալիք, Մ․ Հովհաննիսյանը պատասխանեց. «Չգիտեմ էլ՝ ինչ ասեմ, ինչ ակնկալիք՝ չգիտեմ։ Հույս ունենք, պարզապես՝ հույս»:
Այսօր էլ Արմավիրի մարզի մոտ տաս գյուղի բնակիչներ բողոքի ակցիաներ են անկացրել՝ փակելով ճանապարհները՝ քանի որ կարծում են, որ ՀՀ կառավարությունն առայժմ իրենց խնդիրը լուծելու համար միայն սին հույսեր է տալիս:










































