Պենտագոնի 600 հազարից ավելի քաղաքացիական ծառայողներ մինչև 11 օրով չվճարվող արձակուրդի կուղարկվեն սեկվեստրի՝ դաշնային բյուջեի ծախսերի պարտադիր կրճատման պատճառով:
«Դա հեշտ որոշում չէր, սակայն մենք պետք է այն ընդունենք»,- երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չակ Հեյգելն իր ենթակաների հետ հանդիպմանը՝ փոխանցում է ITAR-TASS-ը:
Ներկայիս ֆինանսական տարում (ավարտվում է սեպտեմբերի 30-ին) ամերիկյան ռազմական գերատեսչությունը պարտավոր է խնայել 41 մլրդ դոլար:
Հուլիսի 8-ից հարկադիր արձակուրդի կգնա Պենտագոնի 800 հազար աշխատողների շուրջ 80%-ը: Նրանցից յուրաքանչյուրը շաբաթական պետք է բաց թողնի 1 աշխատանքային օր: Բացառություն է արվելու միայն նրանց համար, ովքեր գտնվում են ռազմական գործողությունների գոտում, այդ թվում՝ Իրաքում ու Աֆղանստանում, ինչպես նաև այն մասնագետների համար, ովքեր աշխատում են ռազմական նավաշինարաններում, մասնավորապես՝ վերանորոգում են ատոմային ավիակիրները:
Միաժամանակ Հեյգելը իր ենթականերին հաղորդել է նաև լավ լուր՝ չվճարվող արձակուրդներն ավելի քիչ կտևեն, քան ավելի վաղ սպասվում էր:
Փետրվարին, երբ ծագեց սեկվեստրի իրական վտանգ, Պենտագոնը ենթադրել էր, որ հարկադիր արձակուրդը կտևի 22 օր: Մարտին, երբ ԱՄՆ-ում սկսեց գործել պետական ծախսերի պարտադրված կրճատման ռեժիմը, պարզվեց, որ այդ ժամկետը կրճատվել է՝ հասնելով 11 օրվա:









































