Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի հետ գործընկերությունը: Պատճառն այն է, որ ԱՄՆ-ը աջակցում է Սիրիայի քրդերի «Դեմոկրատական միություն» կուսակցությանը (PYD), որին Թուրքիան համարում է ահաբեկչական կառույց՝ անվանելով PKK-ի սիրիական թև։
Ավելի վաղ Էրդողանն ԱՄՆ-ին կոչ էր արել ընտրություն կատարել Թուրքիայի ու Սիրիայի քրդերի միջև, իսկ Անկարայում ԱՄՆ դեսպանը պարզաբանումներ տալու համար կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ։
Էրդողանն այժմ Անկարայում հայտարարել է. «Հե՛յ Ամերիկա, ես ձեզ որքան անգամ եմ հարցրել՝ Դուք մեզ հե՞տ եք, թե՞ PYD-ի։ Անհասկանալի է, թե ինչ փոխգործակցություն է մեզ մոտ։ Չնայած նրան, որ մենք բազմիցս նրանց (ԱՄՆ) բացատրել ենք ամեն բան, նրանք մինչ այժմ հայտարարում են, որ «նրանք ահաբեկիչներ» չեն»։
Սակայն պարզից էլ պարզ է, որ նրանք ահաբեկիչներ են, դուք մինչև հիմա այդպես էլ չհասկացաք դա, սակայն մենք քաջ գիտենք այդ մասին»։











































