Այսօր Աբովյանում Գագիկ Ծառուկյանի կառուցած Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման արարողության ժամանակ խցանում էր առաջացել մուտքի մոտ:
Ներս էին թողնում հիմնականում բարձրաստիճան հյուրերին, պաշտոնյաներին ու լրագրողներին: Եվ այս երեք խավի ներկայացուցիչների մուտքը եկեղեցի մի պահ այնքան ինքնաբուխ ստացվեց, որ որևէ մեկը չէր կարողանում ներս մտնել:
Եկեղեցի այցելած՝ ՀՀ երկու նախագահների, Ծառուկյանի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի թիկնապահները փորձում էին կարգ պաշտպանել, բայց ավելի սրեցին խցանումն ու դրանից առաջացավ հրմշտոցը, որը գրեթե ձեռնամարտի էր վերածվում:
Իսկ լրագրողների համար եկեղեցի մուտք գործելը գրեթե հավասարվեց մարտական գործողությունների:
Գ.Ծառուկյանի թիկնապահ Էդոն էր փորձում որոշել թե ում ներս թողնի, ում՝ ոչ: Բայց ինչ-որ պահի նա էլ կորցրեց վերահսկողությունը: Այդ հրմշտոցի արդյունքում պատգամավոր Սամվել Ալեքսանյանը մուտքի մոտ այնպիսի խցանումների մեջ էր հայտնվել, որ չէր կարողանում ոչ առաջ գալ, ոչ էլ ետ: Իսկ Ռոբերտ Քոչարյանի խնամի Վոլոդյա Բադալյանին թիկնապահները մի քանի անգամ ետ հրեցին, դռներից դուրս բրդեցին: Վերջինս մի կերպ կարողացավ ներս մտնել:











































