ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տարածել է հաղորդագրություն, որում ասված է.
Օրերս ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը, հիմք ընդունելով Մարդու իրավունքների պաշտպանի դիմումներն ու հիմնավորումները, կայացրել է երկու որոշում, որոնցից մեկը վերաբերում է անվիճելի և կատարման ենթակա պահանջի իրավունքին, երկրորդը՝ վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացնելու հնարավորություն ունեցող շահագրգիռ անձանց շրջանակին:
Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հաղորդագրության` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված մի շարք դիմում-բողոքներով բարձրացվել էր այն խնդիրը, որ անվիճելի և կատարման ենթակա պահանջի իրավունքը պրակտիկայում տարբեր պետական մարմինների կողմից չի ընդունվում որպես անձանց սեփականության տեսակ: Օրինակ, եթե անձը օտարել է սեփականությունը՝ փոխհատուցում ստանալու պայմանով, և այդ պայմանն ամրագրվել է պայմանագրով, այդ դեպքում անձի պահանջի իրավունքը, այսինքն՝ փոխհատուցման պահանջը, հանդիսանում է սեփականության տեսակ: Սակայն գործնականում որոշ պետական մարմիններ դա չեն ընդունում՝ հիմնավորելով, որ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը պահանջի իրավունքը որպես այդպիսին չի նախատեսում: Մինչդեռ, այն այդպիսին ճանաչվել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի մի շարք նախադեպային որոշումներով:
Սակայն վերջերս ՀՀ դատարանների նախագահների խորհուրդն իր թիվ 132 որոշմամբ հայտնել է, որ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի և ՀՀ վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումները` անվիճելի և կատարման ենթակա պահանջի իրավունքը կարող է համարվել սեփականություն, եթե բավարար չափով հիմնավորվել է, որ այդ պահանջը ենթակա է կատարման, և արդյունքում, դրանք պարտադիր են դատարանների և համապատասխան իրավակիրառ մարմինների համար: Արդյունքում, այն անձինք, ովքեր ունեն անվիճելի և կատարման ենթակա պահանջի իրավունք, օգտվում են սեփականության համար նախատեսված բոլոր երաշխիքներից:
Մյուս խնդիրը վերաբերում էր վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջ դատարան ներկայացնելու հնարավորությանը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 303-րդ հոդվածի համաձայն` պահանջը կարող են ներկայացնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում նշված անձինք: Սակայն Օրենսգրքի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ բացակայում է այն անձանց ցանկը, որոնք պարզաբանման ենթակա հոդվածի ուժով իրավունք ունեն հայցով դիմելու դատարան և արդյունքում խնդիր էր առաջացել այդ անձանց նշված իրավունքի իրականացման համար:
Համաձայն Դատարանների նախագահների խորհրդի՝ թիվ 133 որոշման՝ այն դեպքերում, երբ Օրենսգրքի առանձին դրույթներով նախատեսված չեն համապատասխան պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող հատուկ սուբյեկտներ, ապա որպես այդպիսիք՝ հանդես են գալիս Օրենսգրքում նշված ընդհանուր սուբյեկտները: Մասնավորապես՝ չնայած որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված չէ, թե ով կարող է նման պահանջ ներկայացնել, սակայն վիճահարույց գործարքն անվավեր ճանաչելու պահանջ կարող է ներկայացնել այդպիսի գործարքի առարկայի նկատմամբ իրավունքներ ունեցող ցանկացած շահագրգիռ անձ՝ անկախ այն հանգամանքից, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով նախատեսված չէ նման պահանջ ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակը:
«Հուսով ենք, որ համապատասխան պետական մարմինները ինչպես նաև դատարանները հետևողական կլինեն ՀՀ դատարանների նախագահների խորհրդի որոշումների պահպանման ուղղությամբ, որի արդյունքում պրակտիկայում կվերացվեն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի նշված խնդրահարույց դրույթների ոչ իրավաչափ կիրառման դեպքերը»,- նշվում է հաղորդագրության մեջ:










































