Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը երկրի քրդաբնակ նահանգներում սահմանված փողոց դուրս գալու արգելքներն ու այդ տարածքներում իրականացվող ռազմական գործողություններն ամփոփող զեկույց է հրապարակել: «Ակոս» պարբերականի փոխանցմամբ՝ զեկույցում նշվում է, որ 2015 թվականի հուլիսից ի վեր 7 քաղաքի 20 շրջաններում 56 անգամ փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել: Ընդ որում, Ջիզրեում, Սիլոփիում և Սուրում արգելքները շարունակվում են առ այսօր:
Այս ընթացքում 460 քաղաքացի է զոհվել, որից 84-ը երեխա, իսկ 79-ը` կին:
Ջիզրեում փողոց դուրս գալու արգելքը շարունակվում է 2015 թվականի դեկտեմբերի 14-ից: Այս ընթացքում Ջիզերում զոհվել է 78 մարդ:
Սիլոփիում ևս փողոց դուրս գալու արգելքը հայտարարվել է 2015 թվականի դեկտեմբեր 14-ից, իսկ Սուրում` դեկտեմբերի 2-ից: Այս ընթացքում Սիլոփիում զոհվել է 28 մարդ, իսկ Սուրում` 21:









































