Երևանի քաղաքապետարանը դիմել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` անցյալ տարվա հունիսի 26-ի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան կենտրոնական մարզադաշտի» սնանկացման կառավարչին՝ պահանջելով 8 մլն 817 հազար 126 դրամ ուշացած պարտքը:
Հիշեցնենք, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, «Հրազդան» մարզադաշտի սեփականատեր Աշոտ Աղաբաբյանին ֆինանսների նախարարության հարկային ծառայությունը դատի է տվել «Հրազդան» մարզադաշտը միտումնավոր սնանկության տանելու համար: Մոտ մեկ տարի է՝ Աղաբաբյանը դատարանում վիճարկում է մարզադաշտը մոտ 60 մլն դրամով տուգանելու հարկային մարմինների որոշումը:
«Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ն դատարանի վճռով սնանկ է ճանաչվել այս տարվա հունիսի 26-ին: Հարկային մարմինը համոզված է, որ Աղաբաբյանը միտումնավոր է սնանկության տարել «Հրազդանը»:
Դեկտեմբերի 9-ին ՀՀԿ-ական գործարար Ռուբեն Հայրապետյանի ղեկավարած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դիմել է այս տարվա հունիսի 26-ին սնանկ ճանաչված «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարչին՝ մարզադաշտից պահանջելով 714 մլն 581 հազար դրամ գումար պարտքը:
Դատարանի վճռով սնանկ ճանաչված «Հրազդան» մարզադաշտի ընդհանուր պարտքը կազմում է մոտ 4 մլն ԱՄՆ դոլար: Սեփականատիրոջ խոսքով՝ մարզադաշտն արժե 50 մլն դոլար:
Սնանկացած պատգամավորը մտադիր է նոր տարում մարզադաշտի առողջացման ծրագիր ներկայացնել:
Լուսանկարը՝ Photolure-ի










































