Չեխիայի մայրաքաղաք Պրահայում աշխատանքային շաբաթը սկսվել է մետրոյում տեղի ունեցած միջադեպով: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, C գծի գնացքների երթևեկությունը ժամանակավորապես կաթվածահար է եղել շան պատճառով:
Շունը վազել է «Լադվի» կայարանի թունել: Տեսնելով կենդանուն գնացքներից մեկի մեքենավարն այս մասին հաղորդել է դիսպետչերին: Դրանից հետո երթևեկությունը կանգնեցրել են, իսկ ուղևորները ստիպված են եղել սպասել այնքան ժամանակ, մինչև շանը բռնել են:
Այս ամենը տևել է 40 րոպե, կենդանուն ուղարկել են շների կացարան: Միայն դրանից հետո կայարաններում սպասող հարյուրավոր ուղևորներ կարողացել են վերջապես շարունակել իրենց ճանապարհը:
Կացարանի աշխատակիցները հայտարարել են, որ շունը նախկինում երկու անգամ եղել է իրենց մոտ: Եթե ոստիկաններին հաջողվի հայտնաբերել շան տիրոջը, վերջինիս սպասվում է խոշոր տուգանք՝ տնային կենդանիներ պահելու կանոնները խախտելու համար:









































