«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը բավականին դժգոհ է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանից: Նա իր այդ դժգոհությունն արտահայտել է նաև անցած շաբաթ Հանրապետական կուսակցության խորհրդի նիստի ժամանակ, երբ խորհրդի անդամներին ներկայացնում էր նոր կառավարության կազմը: Այն որ Ս. Սարգսյանը հայտնել է իր դժգոհությունը, նշանակում է, որ Ա. Հովսեփյանի թեկնածությունը հաջորդ անգամ չի առաջադրի:
Հիշեցնենք, որ մոտ երկու շաբաթ առաջ Ս. Սարգսյանը պաշտոնանկ արեց Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանին: Նախագահը, ՀՔԾ աշխատակազմին ներկայացնելով նոր պետին, հայտարարեց, որ Ա. Միրզոյանի ազատման առիթը եղել է կոնկրետ քրեական գործով կատարած ապօրինությունը, իսկ պատճառը եղել է այն, որ նա չի կարողացել կայացնել այդ համակարգը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում Շուշիի ՔԿՀ-ում Հայկ Մովսիսյանի ինքնասպանությանը, որի դեպքում կասկած կա, թե այն եղել է կա՛մ սպանություն, կա՛մ նրան հասցրել են ինքնասպանության:
Ա. Միրզորյանն Ա. Հովսեփյանի համար մտերիմ և հավատարիմ պաշտոնյա է եղել: ՀՔԾ պետը թեև պաշտոնապես գլխավոր դատախազին չի ենթարկվում, անկախ կառույցի ղեկավար է և նշանակվում է նախագահի կողմից, բայց իրականում նա կատարել է Ա. Հովսեփյանի ցուցումները: Եվ Ս. Սարգսյանը հասկացել է, որ թե՛ վերը նշված գործով, թե՛ այլ գործերի հետ կապված՝ Ա. Միրզոյանը կրել է Ա.Հովսեփյանի ազդեցությունը, ինչը որոշ դեպքերում իրենից գաղտնի է պահվել: Ահա թե ինչու նա հայտարարեց, որ Ա. Միրզոյանին չի հաջողվել կայացնել ՀՔԾ-ն, և ահա թե ինչու նա խիստ դժգոհություն ունի Ա. Հովսեփյանից:
Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի ամսից՝ սեպտեմբերին լրանալու է Ա. Հովսեփյանի պաշտոնավարման ժամկետը: Եվ իշխանական շրջանակներում քննարկվում է՝ ով պետք է լինի հաջորդ գլխավոր դատախազը: Ա. Հովսեփյանը պաշտոնավարել է 2004 թվականից:
Լուսանկարը՝ Bravo.am-ի









































