Գնալով ավելի քիչ ամերիկացի զույգեր են նախատեսում երեխաներ ունենալ, և դա կարող է վնասել ԱՄՆ-ի տնտեսությանը: Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը՝ վկայակոչելով վերջերս կատարված հետազոտությունը:
Վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում, այսպես կոչված, սերունդների փոխարինման գործակիցը կազմում է շուրջ 1.9՝ այն դեպքում, երբ ստանդարտ ցուցանիշ է համարվում 2.1-ը: Ինչպես հիշեցնում է պարբերականը, նման գործակիցը ցույց է տալիս, թե քանի երեխա պետք է ծննդաբերի միջին վիճակագրական կինը, որպեսզի բնակչության թիվը կայուն մնա:
Եթե այդ գործակիցը շարունակի նվազել, ապա ԱՄՆ-ում կլինեն ավելի շատ թվով թոշակառուներ և ավելի քիչ աշխատուժ, կարծում է ամերիկացի գրող և լրագրող Ջոնաթան Լաստը:
«Սխալ ոչինչ չկա, եթե չեն ցանկանում երեխա ունենալ: Սակայն նպատակը պետք է լինի այն, որ միջոցներ հայտնաբերվեն մարդկանց համար, որոնք երազում են երեխաների մասին»,- նշել է նա և հավելել, որ ԱՄՆ-ում անհավանական «թանկացել է» երեխա ունենալը:







































