Թայվանի իշխանությունները առափնյա պահպանության և ռազմածովային ուժերի 4 նավեր են ուղարկել Հարավչինական ծովի՝ Ֆիլիպինների հետ վիճելի գոտի, որտեղ հինգշաբթի Ֆիլիպինների առափնյա պահպանության ղեկավարման ներքո գտնվող նավից թայվանական ձկնորսական նավի ուղղությամբ արձակված կրակոցներից սպանվել է ձկնորս: Այս մասին հայտնում է GMA News առցանց պորտալը:
Պորտալը մեջբերում է Թայվանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Չեն Լիվենի հայտարարությունը, համաձայն որի՝ կառավարությունը վճռականորեն է տրամադրված իրենց ձկնորսների պաշտպանության հարցում:
Շաբաթ օրը Թայվանը վերջնաժամկետ էր ներկայացրել Ֆիլիպիններին՝ պահանջելով երեք օրվա ընթացքում պաշտոնապես ներողություն խնդրել 65-ամյա ձկնորսի մահվան համար, վճարել փոխհատուցում, պատժել մեղավորներին ու բանակցություններ սկսել Թայվանի հետ ձկնորսության հարցերի շուրջ համաձայնագրի կնքման համար: Այլապես Թայվանը սպառնացել է դադարեցնել Ֆիլիպինների քաղաքացիների աշխատանքի թույլտվությունը: Երկրում մոտ 90 հազար ֆիլիպինցի է աշխատում: