Իրանն իրավունք ունի ատոմային էներգիան խաղաղ նպատակներով օգտագործել և մտադիր է պայքարել իր իրավունքների համար: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Ալի Աքբար Սալեհին այսօր գերմանական «Շպիգել» ամսագրին տված հարցազրույցում:
«Իրանի ողջ ժողովուրդը ցանկանում է, որպեսզի մենք պայքարենք այդ իրավունքի համար (քաղաքացիական նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման)»,- նշել է ԱԳ նախարարը: Պատասխանելով այն հարցին, արդյո՞ք հունիսի 14-ին նշանակված նախագահական ընտրություններից հետո նա Իրանի ատոմային ծրագրի շուրջ ծավալված իրադրությունում առաջընթաց ակնկալում է, Սալեհին նշել է, որ անկախ նրանից, թե քաղաքական որ ուղղությանը կհարի ապագա նախագահը, այս հարցում զիջումներ չեն լինի:
Ինչևէ, նախարարը հույս է հայտնել, որ «Վեցնյակի» և Թեհրանի միջև բանակցությունների հաջորդ փուլում «կողմերն ընդառաջ կգնան մեկմեկու և փոխշահավետ լուծում կգտնեն»: Սալեհիի կարծիքով՝ նոր նախագահի հիմնական խնդիրն Իրանի և համաշխարհային հանրության հարաբերությունների բարելավումն է:










































