Ռաուլ Կաստրոյի դուստրը՝ Մարիելան, Կուբայի մայրաքաղաք Հավանայում աջակցել է սեռական փոքրամասնությունների իրավունքների համար պայքարողներին, որոնք մայրաքաղաքի փողոցներում լայնածավալ գեյ-շքերթ են կազմակերպել ընդդեմ հոմոֆոբիայի, հաղորդում է BBC-ն:
Մարիելա Կաստրոն, ով Սեռական դաստիարակության ազգային կենտրոնի ղեկավարն է, եղել է երթի կազմակերպիչներից մեկը: Բացելով միջոցառումը՝ նա կոչ է արել երկխոսության, որը հասարակությանը թույլ կտար ազատվել կարծրատիպերից` կապված միասեռականության հետ:
Կաստրոն հույս է հայտնել, որ Կուբայում կօրինականացվեն միասեռ ամուսնությունները:
Երթին մասնակցել է ԼԳԹԲ շարժման շուրջ 500 մասնակից: Ակցիան վեցերորդն է Կուբայի պատմության մեջ, որտեղ 2008-ից նշվում է հոմոֆոբիայի դեմ պայքարի օրը: Ինչպես հաղորդում է BBC-ն, նախքան 2008 թ. Ռաուլ Կաստրոյի իշխանության գալը երկրում նման ակցիաներն արգելված են եղել:









































