Սերբիայի վարչապետի առաջին տեղակալ Ալեքսանդր Վուչիչը ժամանել է Կոսովոյի հյուսիս, հաղորդում է BBC-ն:
Նրա այցի նպատակն է փորձել մեղմել սերբական համայնքի լարվածությունը, որն առաջացել է նախորդ ամիս Սերբիայի և Կոսովոյի միջև հարաբերությունների բարելավման համաձայնագրի ստորագրումից հետո:
Հարյուր հազարավոր էթնիկ սերբեր, որոնք բնակվում են Կոսովոյի հյուսիսում, չեն ճանաչում այն որպես անկախ պետություն: Նրանք հայտարարում են, որ համաձայնագիրը, որով նրանք անցնում են Պրիշտինայի վերահսկողության տակ, պետական դավաճանություն է:
Վուչիչի խոսքերով` համաձայնագիրը կնքվել է սերբական համայնքի շահերից ելնելով, քանի որ կրթական և դատաիրավական համակարգը կգտնվի սերբերի վերահսկողության ներքո:
Սերբիան պետք է վավերացնի համաձայնագիրը Կոսովոյի հետ որպես Եվրամիությանն անդամակցելու նախապայմաններից մեկը:









































