Apple-ն ամերիկացի և ասիացի գործընկերների հետ համատեղ աշխատում է անլար լիցքավորման նոր տեխնոլոգիայի ստեղծման վրա: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով տեղյակ աղբյուրներին:
Այդ տեխնոլոգիայի առանձնահատկությունը կլինի հեռավորության վրա սմարթֆոնը լիցքավորելու հնարավորությունը: Կոնտակտային անլար լիցքավորող սարք ընկերությունն արդեն օգտագործում է. Apple Watch-ի վերալիցքավորման համար անհրաժեշտ է հատուկ հարակցման կայան՝ ինդուկտիվ լիցքավորմամբ:
Apple-ն աշխատում է տեխնոլոգիայի վրա, որը կմեծացնի դիվայսի սնման առավելագույն հեռավորությունը և հնարավորություն կտա առաջ անցնել մրցակիցներից, որոնք օգտագործում են կոնտակտային անլար սարքեր: Աղբյուրները հայտնում են նաև, որ հիմա ընկերությունն աշխատում է տարածության վրա էներգիայի կորուստը նվազեցնելու ուղղությամբ:









































