Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը մեկ օրում 2 հորիզոնականով բարելավել է դիրքերը Bloomberg-ի վարկածով մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշում և զբաղեցրել 6-րդ տեղը։ Նրա կարողությունը կտրուկ աճել է 6.2 մլրդ դոլարով՝ ընկերության հաշվետվության հրապարակումից հետո։
Bloomberg-ը Facebook-ի հիմնադրի ակտիվները գնահատել է 47.6 մլրդ դոլար։ Ցուկերբերգը վարկանիշում առաջ է անցել Koch Industries համահիմնադիրներ Չարլզ և Դևիդ Կոխերից, որոնք նախկինում զբաղեցրել են 6-րդ և 7-րդ հորիզոնականները։
Ցուկերբերգից առաջ են Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը, Inditex-ի հիմնադիր Ամանսիո Օրտեգան, ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆեթը, Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը և ձեռնարկատեր Կառլոս Սլիմը։
Համաձայն հաշվետվության՝ սոցցանցի շահույթը մեկ տարում աճել է 25 տոկոսով՝ 2.94 միլիարդից հասնելով 3.69 մլրդ դոլարի։











































