Գերմանական թատրոններից մեկի ղեկավարությունը պրեմիերայից 4 օր անց թատրոնի խաղացանկից հանել է Ռիխարդ Վագների «Տանհեյզեր» օպերան, որում գործողությունները տեղի են ունենում նացիստական Գերմանիայում, հայտնում է NEWSru.com-ը:
Ներկայացման մեջ պարունակվող բռնության ու դաժանության տեսարանները հարուցել են հանդիսատեսի բողոքը: Այս մասին տեղեկացրել է թատրոնի գեղարվեստական ղեկավար Քրիսոֆ Մայերը:
Ներկայացումը, որը Դյուսելդորֆում բեմադրել է Բուրկհարդ Կոսմինսկին, պարունակում է Հոլոքոստի զոհերի գնդակահարության, ինչպես նաև գազախցիկներում մարդկանց այրման շոկ առաջացնող տեսարաններ:
Այդ օպերայի ավանդական ներկայացման մեջ գործող հերոսները տրուբադուրներն են, ասպետներն ու աստվածուհիները՝ ըստ հին գերմանական լեգենդի սյուժեի, իսկ նոր բեմադրման մեջ Տանհեյզեր երգիչը վերածվել է մահվան ճամբարի անվտանգության աշխատակցի, ով սպանում է հրեաներին:
Թատրոնի ղեկավարությունը նման քայլի գնաց այն բանից հետո, երբ ներկայացման ժամանակ հանդիսատեսներից ոմանք դիմել էին բժշկական օգնություն ստանալու խնդրանքով:
Դյուսելդորֆի հրեական համայնքը ներկայացումն անվանել է «անճաշակ ու սադրիչ»:









































