ԱՄՆ ոստիկանությունը Կալիֆոռնիայի հարավի գյուղական վայրում փնտրում է պիտբուլտերիեր ցեղատեսակի 4 շների, որոնք պատառոտել էին 63-ամյա մի կնոջ: Այս մասին հայտնում է տեղի NBC4 հեռուստաալիքը՝ հղում անելով ոստիկանությանը:
Չորս շները կնոջ վրա էին հարձակվել Փալմդեյլ փոքր քաղաքում, որը գտնվւմ է Լոս Անջելեսից 100 կմ հյուսիս: Ականատեսները փորձել են շներին վախեցնել ավտոմեքենաների ազդանշաններով, իսկ մոտակայքում գտնվող ոստիկանը կրակել է շներից մեկի վրա: Շները թաքնվել են քաղաքից դուրս գտնվող անապատային վայրում:
Կինը ստացված վնասվածքներից հիվանդանոցի ճանապարհին մահացել է:
Ոստիկանությունը սկսել է շների որոնումները՝ օգտագործելով նաև ուղղաթիռ: 25 հազար դոլար պարգևավճար են խոստացել նրան, ով տեղեկություն կհայտնի շների գտնվելու վայրի մասին: Facebook-ի իր էջում քաղաքի շերիֆը երախտիքի խոսքեր է հղել քաղաքի բնակիչներին որոնումներին ակտիվորեն աջակցելու համար: Նա հայտնել է, որ ոստիկանությունը որոնումների շրջանում տներից մեկից 8 շուն է առգրավել: Չի հստակեցվում սակայն, թե արդյոք դրանց թվո՞ւմ են կնոջ վրա հարձակված շները, թե՞ ոչ:








































