Գիտնականները գնահատել են Երկրի վրա վերահաս գլոբալ աղետի հավանականությունը: Տեղեկատվությունը հրապարակվել է Bulletin of the atomic scientists պարբերականի կայքում: Փորձագետներն աշխարհի վերջի թվացույցի վրա սլաքները թողել են 23:57 նշագծին, որտեղ կեսգիշերը նշանակում է Երկրի վրա գլոբալ աղետի սկսվելը:
Նշվում է, որ աշխարհի վերջի կանխման ճանապարհին կատարվել են կարևոր քայլեր: Դրանցից մեկը կլիմայի վերաբերյալ Փարիզի համաձայնագիրն է: Փորձագետները նաև դրական են գնահատել իրանական միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը:
Հետազոտությանը մասնակցել են ֆիզիկոսներ և բնապահպաններ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ 17 Նոբելյան դափնեկիրներ:
«Աշխարհի վերջի ժամացույցը» ծրագիրը 1947 թվականին մշակել են ամերիկյան առաջին ատոմային ռումբի ստեղծողները՝ մոլորակի վրա միջուկային վտանգի մշտադիտարկման համար:
Ժամացույցի սլաքները սկզբնապես ցույց էին տալիս 23:53, իսկ կեսգիշերը խորհրդանշում էր Երկրի վրա գլոբալ աղետի սկսվելը: Իր գոյության պահից ժամացույցի սլաքները տեղափոխվել են 20 անգամ՝ հայտնում է RIA Novosti-ն։










































