Իրանը կարող է Եվրամիության երկրներին հեղուկացված բնական գազի մատակարարումներ սկսել արդեն երկու տարուց: Այս մասին The Wall Street Journal –ի հետ հարցազրույցում հայտնել է Իրանի գազի ազգային ընկերության տնօրեն Ալիռեզա Քամելին:
Նա նշել է, որ Թեհրանը դիտարկում է երեք հիմնական հնարավորություն, որպեսզի «միանա հեղուկացված բնական գազարտահանող երկրների միջազգային ակումբին», որի մեջ մտնում են, մասնավորապես, Ռուսաստանը և Քաթարը:
Տարբերակներից մեկը ենթադրում է աշխատանքների վերսկսումը երկրի հարավում գազի հեղուկացման գործարանում: Եվս մեկ հնարավորություն է դեպի Օման ձգվող գազամուղի կառուցումը, որտեղ գազի հեղուկացման գործարաններ կան: Քամելիի խոսքով՝ Օմանը համաձայն է, որ անհրաժեշտ ենթակառուցվածքը կառուցվի երկու տարվա ընթացքում:
Բացի այդ, Իրանն արտասահմանյան ընկերությունների, այդ թվում՝ Բերմուդյան կղզիներում տեղակայված Gloar LNG-ի հետ բանակցություններ է վարում հեղուկացված բնական գազի արտադրության լողացող գործարաններ ստեղծելու շուրջ: Այդ պլանների իրագործումը, Քամելիի խոսքով, կարող է պահանջել «երկու տարուց պակաս ժամանակ»:
ԵՄ-ի պաշտոնյաների շարքից The Wall Street Journal-ի աղբյուրները նշել են, որ «Իրանը կարող է բնական գազի հանգուցային մատակարար դառնալ, ինչը թույլ կտա միությանը նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից»: Դրա հետ մեկտեղ նրանք նշել են, որ երկամյա ժամկետը, որի մասին հիշատակել է Քամելին, «այնքան էլ իրատեսական չի թվում»:









































