ANSA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հռոմում գտնվող Կապիտոլիումի թանգարանի աշխատակիցները պատժամիջոցների վերացումից հետո Իրանի նախագահ Հասան Ռուհանիի իտալական այցի կապակցությամբ պանելների հետևում թաքցրել են մերկ մարդկանց քանդակները։
Դա արվել է որպես Իրանի ժողովրդի և անձամբ Հասան Ռուհանիի հանդեպ հարգանքի նշան, ով Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցիի հետ համատեղ մամուլի ասուլիս է տվել թանգարանում։ Բացի այդ, Իրանի նախագահի մասնակցությամբ պաշտոնական միջոցառումների ժամանակ սեղաններին բացակայել է գինին։
Հիշեցնենք, որ սա 2013 թվականի կեսին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Հասան Ռուհանիի առաջին եվրոպական շրջագայությունն է, որի շրջանակներում նա Իտալիայից ու Վատիկանից բացի, պետք է գտնվի նաև Ֆրանսիայում։
Այդ շրջագայությունը պետք է տեղի ունենար նախորդ տարվա նոյեմբերին, սակայն այն հետաձգվեց նոյեմբերի 13-ին Փարիզում իրականացված ահաբեկչություններից հետո։ Այն ժամանակ հաղորդվել էր, որ Իրանի ու Ֆրանսիայի նախագահները չեն կարողացել պայմանավորվել ճաշացանկի շուրջ և Ֆրանսուա Օլանդը հրաժարվել էր Ռուհանի հետ ճաշել ալկոհոլի (գինու) բացակայության պայմաններում։











































