Իրաքի Էր Ռամադի քաղաքում զանգվածային գերեզմանոց է հայտնաբերվել, որում գտնվում են ԴԱԻՇ-ի գրոհայինների առնվազն 40 զոհերի մարմիններ: Այս մասին հայտնում է լիբանանյան The Daily Star պարբերականը՝ հղում անելով այդ երկրի անվտանգության ծառայությանը:
Ներկայումս հանվել է 18 մարմին, որոնցից 5-ը ոստիկանների են:
Ըստ ոստիկանության՝ մարդկանց ԴԱԻՇ-ը մահապատժի է ենթարկել 2015թ. մայիսին, երբ քաղաքը գրավել են գրոհայինները:
Իրաքի բանակը դեկտեմբերի 27-ին հայտարարեց Էր Ռամադիում ԴԱԻՇ-ի նկատմամբ հաղթանակի մասին: Ահաբեկիչներն այն գրավել էին 2014թ. կեսին:








































