Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն ԵՄ միգրացիոն քաղաքականությունն անվանել է «ծիսական ինքնասպանություն»: TASS-ի հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է չեխական «Պրավո» թերթին տված հարցազրույցում:
«Կարծում եմ՝ մենք Եվրոպայում ծիսական ինքնասպանություն ենք գործում, և մենք բոլորս պարզապես կանգնած նայում ենք դրան»,- ասել է Ֆիցոն: «Եթե Եվրոպան սահմանային և առափնյա պահպանության ծառայություն ստեղծի միայն 2016թ. վերջին կամ 2017թ., ապա ԵՄ-ն պարզապես կսպանի ինքն իրեն»,- կարծում է նա:
Ֆիցոն հավելել է, որ ԵՄ երկրներում փախստականների տեղաբաշխման պարտադիր քվոտաների համակարգը, իր կարծիքով, լիակատար ֆիասկո է, քանի որ ներգաղթյալներին, առավելապես Մերձավոր Արևելքի երկրներից, հնարավոր չէ ինտեգրել սլովակյան հասարակությունում: «Մենք հաճախ ենք եփվում սեփական յուղի մեջ՝ քննարկելով քվոտաները, որոնք բոլորովին անիմաստ են: Իսկ այդ ընթացքում ամեն օր Եվրոպա են ժամանում հազարավոր ներգաղթյալներ»,- ասել է Ֆիցոն:
«Եթե ժամանակավոր կամ մշտական քվոտաների հիման վրա ինչ-որ մեկը մեզ ստիպում է 50 հազար մարդու ընդունել, որոնք բոլորովին այլ սովորություններ և կրոն ունեն, և որոնց մեծ մասը երիտասարդ են, ես չեմ կարող պատկերացնել՝ ինչպես մենք կկարողանանք ինտեգրել նրանց: Մենք չենք կարող անել դա»,- կարծում է Սլովակիայի վարչապետը:











































